Արցախում իրավիճակը եռում է. ստորագրահավաք է սկսվել. մոտ օրերս կսկսվեն նաեւ գործողություններ. Մետաքսե Հակոբյան

Արցախում իրավիճակը եռում է, թեեւ արտաքին հայացքից որեւէ բան չի զգացվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Եթե ապրիլի 23-ին հերթական բոթը (նկատի ունի ադրբեջանական անցակետի տեղադրումը Հակարի կամրջի վրա-խմբ) լսելուց հետո յուրաքանչյուրի մեջ էր եռում, հիմա տեսնում ես, որ կան արդեն սթափ երիտասարդներից ձեւավորված խմբեր հանրության մեջ: Դա ողջունելի է: Այդ խմբերը մոտենում են իրար եւ հանրության առողջ հատվածը սկսում է իրար գլխի հավաքվել եռացող խնդիրների շուրջ: Արդեն կա դրա արդյունքը, Արցախում ստորագրահավաք է սկսվել, որի կազմակերպիչները հենց երիտասարդներ են, բավականին խելամիտ, Արցախի հոգսերով, ներկայով ու ապագայում մտահոգ:

Ստորագրահավաքի գործընթացում արդեն կա բավականին ակտիվություն եւ արդեն կա հանրային գործողությունների հերթականություն, թե ինչ պետք է արվի, որ այս իրավիճակներում հաջողենք եւ դուրս գանք այդ իրավիճակներից: Այդ քայլերը եւ պատասխան են Ադրբեջանի դեմ, եւ պահանջ Արցախի իշխանություններից, կա նաեւ պահանջ ռուս խաղաղապահներից, կան նաեւ քաղաքական հանրությանն ուղղված պահանջներ: Ուղղություններ կան տնտեսության եւ ֆինանսների, թե ինչպիսի գործառույթներ պետք է այդտեղ կատարվեն, ինֆորմացիայի եւ կոմունիկացիաների դաշտում ինչպես պետք է արվեն»,-ասաց նա:

Մետաքսե Հակոբյանը հավելեց, որ իր տեղեկություններով հանրային այդ հատվածը, որը գնալով մեծանում է, հակված է կոնկրետ գործողությունների. «Մարդը ստորագրելով իր համաձայնությունն է տալիս այս քայլերի հերթականությանը, հետեւաբար, կստացվի, որ այդքան հազար մարդ պատրաստ են լինելու այս քայլերը կատարելու»,-ասաց նա՝ հավելելով, որ մոտ օրերս կսկսվեն նաեւ գործողությունները;

Հակոբյանը նշեց, որ ստորագրահավաքի կազմակերպիչները քաղաքական ուժերը չեն, առողջ երիտասարդական շրջանակներն են:

News.am