ՔՊ ԱՆԴԱՄԸ ՀԱՅԵՐԻՆ ԱՆՎԱՆԵՑ ՄԱՐԴԱԿԵՐ ՑԵՂ: ՄԻ՞ԹԵ «ԴԱՎԱՃԱՆ» ԲԱՌՆ ԱՎԵԼԻ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ Է, ՔԱՆ «ԴԱՍԱԼԻՔ»-Ը

Նյութեր հայ ժողովրդի հասցեին զրպարտանքի վերաբերյալ քրեական գործի համար

Այն բանից հետո, երբ Աննա Հակոբյանը Աճարկուտ գյուղում մեկ շաբաթ ընդմիջումով կրկնեց Ալիևի այն խոսքերը, թե 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմն ունեցել է 11 հազար դասալիք, լրատվամիջոցները մեծ թվով հարցումներ ուղարկեցին իրավասու ատյաններ: Չծանրաբեռնելով ընթերցողին Քրեական օրենսգրքի հոդվածների թվարկմամբ, ներկայացնեմ բոլոր հարցումների վերջնական արդյունքը:

44-օրյա պատերազմից հետո 143 անձանց դեմ մեղադրանքով դատարան է ուղարկվել 118 գործ, որոնցից ընդամենը մի քանիսն են վերաբերել դասալքությանը: Հարց. ո՞վ է իրավունք տվել վարչապետի կնոջը հրապարակավ արատավորել հայոց բանակն ու վիրավորել հայ ժողովրդին: Ինչո՞ւ Հակոբյանը պատիժ չկրեց հրապարակային զրպարտանքի և Ալիևի զրպարտության տարածման համար։

«Մյունխենում նա (Փաշինյանը) չհերքեց Ալիևի այն խոսքերը, թե հայերը օկուպանտ են... Այդ մարդը լիովին ձուլվել է ադրբեջանական քարոզչությանը՝ կրկնելով Ալիևի խոսքերը, նույնն էլ անում է նրա կինը, խոսելով 11 հազար դասալիքների մասին, նրա կուսակցության պատգամավորն ասում է, թե հայերը մարդակեր ցեղ են... Եթե իշխող կուսակցությունը չի դատապարտում այդ արտահայտությունները, ուրեմն համամիտ է այդ գնահատականին և հայերին մարդակեր է ներկայացնում միջազգային հանրության առջև... Սրանք նյութեր են հայ ժողովրդի հասցեին զրպարտության վերաբերյալ դատական գործի համար»,- օրերս հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Ինչո՞ւ Սամվել Վարդանյանին փողոցից բերման ենթարկեցին Փաշինյանի ուղղությամբ «Դավաճա՛ն» գոչելու համար, իսկ վարչապետի կնոջը չդատապարտեցին ողջ ժողովրդին զրպարտելու համար։ Մի՞թե «դավաճան» բառն ավելի վիրավորական է, քան «դասալիք»-ը։ Այդ ինչպե՞ս է, որ նախագահ Մակրոնի երեսին կարելի է ընտիր հայհոյանքներ գոռալ և նույնիսկ ձու ջարդել նրա ճակատին, իսկ Փաշինյանի երեսին՝ չի կարելի, թեև Մակրոնը չի հանձնել ֆրանսիական տարածքները և անխուսափելի մահվան չի ուղարկել 5 հազար ֆրանսիացի զինվորի։

Վարդանյանին վռնդեցին աշխատանքից, իսկ Հակոբյանին զրպարտության համար ոչ ոք պատասխանատվության չենթարկեց. ստացվում է՝ ժողովրդին ու բանակին վիրավորել կարելի է, իսկ Նիկոլին՝ չի կարելի։ Վիրավորանքների մասին խայտառակ հոդվածն ապաքրեականացվել է, սակայն ռեժիմը շարունակում է հետապնդել նրանց, ովքեր չեն կորցրել ճշմարտությունն ասելու սովորությունը։ Ինչո՞ւ կարմիր բերետավորների հրամանատար Հայկազ Ջոմարդյանը պատիժ չկրեց զոհված հերոսների ծնողների նկատմամբ Եռաբլուր զինվորական պանթեոնի տարածքում 2022թ. սեպտեմբերի 21-ին բռնություն կիրառելու հրամանի համար:

Զոհվածների ծնողների նկատմամբ կարելի է բռնություն կիրառել, իսկ պատգամավորի նկատմամբ՝ ո՞չ:

Դատարանն ապացուցեց, որ ուժի կիրառումը իրավաչափ չի եղել, քանի որ դրան չի նախորդել ծնողներին ուղղված օրինական պահանջը: Ստացվում է, որ կարելի է անպատիժ ծեծել զոհված զինվորների ծնողներին (պատճառած վնասվածքներն արձանագրվել են, ծնողները ճանաչվել են տուժող), իսկ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի դեմքին հարվածել չի կարելի, ինչի համար «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ենթարկվել է քրեական պատասխանատվության։

«Նեմեսիս»-ի հերոսների հուշարձանի բացման ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին նույնպես գոռում էին «Դավաճա՛ն», բայց գոռացողներին ոչ ոք բերման չենթարկեց. ստացվում է, որ փոխքաղաքապետին կարելի է գոռալ «Դավաճա՛ն», իսկ Նիկոլին՝ չի կարելի։ Ինչո՞ւ է նույն բառի նկատմամբ արձագանքն այդչափ ծայրահեղ տարբեր. ոստիկանություն բերման ենթարկելուց և աշխատանքից հեռացնելուց մինչև բացարձակ անտարբերություն: Ալեն Սիմոնյանի հասցեին գոչած այդ բառի համար խոսնակի թիկնապահները ոլորեցին կանադահայի թևերը, մինչ խոսնակը թքում էր նրա դեմքին: Ինչո՞ւ Սիմոնյանը պատիժ չկրեց այն բանի համար, որ Կասկադում թքելու միջադեպից հետո հայտարարեց խորհրդարանի ամբիոնից. «Տո պետք լինի՝ էլի կթքեմ»։ Դե, ոչ ոք չի էլ կասկածում։ Այս խոսնակի օրոք խորհրդարանական հանրապետության իշխանության օրենսդիր մարմինն իջել է հատակից էլ ցածր մակարդակի…

Աղտեղությունների բուռն հեղեղ

Յոթ երեխաների մայր Նարինե Ասատրյանին քրեական պատասխանատվության ենթարկեցին այն բանի համար, որ նա հովանոց է նետել Փաշինյանի ուղղությամբ, իսկ ինչո՞ւ ոչ ոք պատասխանատվության չենթարկեց Փաշինյանին, երբ վերջինս սպառնում էր իր ընդդիմախոսներին ՀՀ պետական դրոշի գույների ժապավեններով փաթաթված պողպատե մուրճով: Եվ ոչ միայն սպառնում, այլև խոստանում էր ջարդել իր քաղաքական թշնամիների գլուխն ու բոլորի «հարցերը լուծել», իսկ ավելի ուշ հոխորտաց, թե ընդդիմության վրա ոչ միայն մատ է թափ տալու, այլև «ուրիշ բան»։ Ո՞վ ասաց, թե բազմազավակ մոր ձեռքի հովանոցն ավելի վտանգավոր է, քան մուրճը, որն արդեն հարվածում է քաղաքական ընդդիմախոսների գլխին:

Լրագրող Նաիրի Հոխիկյանին քրեական հետապնդման ենթարկեցին դատավոր Էդգար Հովհաննիսյանի հասցեին արված այն գրառման համար, որ վերջինս «իշխանության պատվեր կատարած և նվազագույն տղամարդկություն չցուցաբերած դատավոր է»: Իսկ մի՞թե Փաշինյանը չի հայտարարել, որ Հայաստանում «չկա տենց դատավոր, որ իմ ասածը չանի»։ Հոխիկյանը միայն հաստատեց Փաշինյանի թեզը։ Այն դատավորները, որոնք չպարեցին ռեժիմի պարագլխի դուդուկի տակ, ոչ վաղ անցյալում զրկվեցին աշխատանքից։ Պատմուճանով մնացին թերևս միայն արդարադատության ցուցանակի տակ Նիկոլի կամքը հլու-հնազանդ կատարողները։

Ինչո՞ւ ՔԿ-ն Հոխիկյանի հայտարարությունը որակեց իբրև անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, մինչդեռ Փաշինյանը շատ ավելի անարգալից է արտահայտվել «վնգստացող դատավորների» մասին, իսկ մայիսի 19-ին նշելու ենք դատարանների շրջափակման հրապարակային կոչի 4-րդ տարելիցը, ինչի համար նույնպես ռեժիմի պարագլուխը պատիժ չկրեց։ Ո՛չ հակասահմանադրական կոչի, ո՛չ էլ ապօրինի ակցիային անձամբ մասնակցելու համար։

Հոխիկյանը վաղուց արդեն Նիկոլի կոկորդին դեմ առած ոսկոր է, լրագրողը չափազանց շատ բան գիտի։ Նրա գրչին է պատկանում 44-օրյա պատերազմից առաջ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ զրույցի հրապարակումը։ Կարապետյանը Հոխիկյանին կոչ էր անում չտարվել Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հասցեին քննադատությամբ, իբր՝ մենք մտադիր ենք բարեկամանալ նրանց հետ։ Հոխիկյանը առարկեց, որ դա իրատեսական չէ, քանի որ այդ երկրներն ուզում են ստանալ Արցախը, որը ժողովուրդը չի հանձնի։ «Երբ ժողովուրդը մի քանի հազար զոհ տա, կհանձնի»,- պատասխանեց Կարապետյանը: Երկխոսության հրապարակումից հետո դեսպանը Հոխիկյանից պահանջել էր հերքում տալ։

Երբ վիրտուալ տիրույթում Հովիկ Աղազարյանի բառապաշարը (պատգամավորը հայհոյում է կանանց) հայտնի դարձավ հանրությանը, դա չխանգարեց նրան զբաղվել ստորագրահավաքով՝ Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելու նպատակով։ Աղազարյանը համարում էր, թե նա չպետք է զբաղեցնի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Թովմասյանը չի զազրախոսել, հայերին մարդակեր չի անվանել, այլ միանգամայն կոռեկտ վարել է հանձնաժողովի նիստը, որում քննարկվում էր Էդգար Ղազարյանի թեկնածությունը ՄԻՊ պաշտոնում։ Աղազարյանին դա դուր չէր եկել

Նրանց համար, ովքեր չեն հասցրել ճաշակել գեղեցիկ սեռի հետ Աղազարյանի երկխոսության ողջ հմայքը, տեղեկացնեմ, որ Վահագն Ալեքսանյանի «վիրտուալ պոռնիկներ» արտահայտությունը Աղազարյանի բառապաշարի համեմատ պարզապես տուրգենևյան հերոսուհիների խոսքի նմուշ է: