Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննչական հանձնաժողովի աշխատանքը ցանկանում են 6 ամսով երկարաձգել
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննչական հանձնաժողովի աշխատանքի ժամկետները հարկավոր է երկարաձգել ևս 6 ամսով։ Այս մասին մայիսի 2-ին Ազգային ժողովի նիստում համապատասխան հարցի քննարկման ժամանակ հայտարարեց Քննչական հանձնաժողովի նախագահ, պաշտպանության և անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Պատգամավորի խոսքով՝ սա կլինի այս հանձնաժողովի աշխատանքի ժամկետի վերջին երկարաձգումը։ «Հանձնաժողովն իր աշխատանքի ընթացքում պահանջել և ստացել է 4154 գաղտնի, հույժ գաղտնի տեքստային և գրաֆիկական փաստաթուղթ՝ ավելի քան 14000 էջ ծավալով։ Փաստաթղթերի ուսումնասիրման գործընթացը դեռ շարունակվում է։ Աշխատանքներում ներգրավված են պատգամավորներ և փորձագետներ»,- ասաց Քոչարյանը։
Հանձնաժողովը կազմել է նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակը։ Ընդ որում թե՛ զինվորականների, թե՛ քաղաքական գործիչների։ Նրանցից շատերն արդեն հրավիրվել են և դեռ կհրավիրվեն հանձնաժողով՝ պարզաբանումներ տալու։
Պատգամավորն ընդգծել է, որ 2020 թվականի ռազմական գործողությունների բազմաթիվ մասնակիցներ դիմել են հանձնաժողովին։ Նրանք տրամադրել են տվյալներ իրադարձությունների վերաբերյալ, այդ թվում՝ տեսանյութերի և աուդիո նյութերի տեսքով։
Քոչարյանը նշել է, որ կատարված աշխատանքի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ դիմել մի շարք գերատեսչություններ և ստանալ նոր փաստաթղթեր։
News.am