Ասադն ու Ռայիսին Սիրիայի և Իրանի միջև երկարաժամկետ գործընկերության մասին հուշագիր են ստորագրել
Սիրիայի և Իրանի նախագահներ Բաշար Ասադն ու Իբրահիմ Ռայիսին չորեքշաբթի Դամասկոսում հուշագիր են ստորագրել երկու երկրների միջև երկարաժամկետ ռազմավարական գործընկերության մասին, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ փաստաթուղթը նախատեսում է առևտրատնտեսական համագործակցության պլանի իրականացում, որը նախատեսված է 20 տարվա համար:
Ստորագրվել են նաև ազատ առևտրի գոտիների ստեղծման, երկաթուղային տրանսպորտի զարգացման և օդային հաղորդակցության մասին համաձայնագրեր: Կողմերը համատեղ ծրագրեր կիրականացնեն նավթագազային ոլորտում և գյուղատնտեսությունում։
Ինչպես նշում է գործակալությունը, ավելի վաղ կայացած բանակցությունների ընթացքում Ասադը նշել է, որ «Սիրիան և Իրանն իրենց հարաբերությունները կառուցում են տարածաշրջանային և միջազգային խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումների հիման վրա»: «Մեր գործընկերությունը ժամանակի փորձությունն է»,-նշել է նա։ «Սիրիան Իրանի կողմն է անցել 1980-1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում, ինչպես Իրանը վերջին 12 տարիների ընթացքում աջակցել է Սիրիայի ժողովրդին ահաբեկչական խմբավորումներին դիմակայելիս»,-ասել է նա։
News.am