Մեծ Շենի գյուղապետ․ Ադրբեջանցիներն անցակետով անցածներին ասել են՝ այլևս չվերադառնաք
Լաչինի միջանցքի և Հակարիի կամրջի փակվելու հետևանքով երկկողմանի շրջափակման մեջ հայտնված Մեծ Շեն գյուղի բնակիչներն ապրիլի 30-ից հետո չեն անցել կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Դավիթ Դավթյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ադրբեջանական աղբյուրները տարածեցին տեսանյութեր՝ ներկայացնելով, թե արցախցիներն «ազատ» օգտվում են Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետից։
«Ադրբեջանցիները տեսախցիկների առջև իրենց են նորմալ են պահել, բայց տեսախցիկներից այն կողմ անցակետով անցած մարդկանց ասել են՝ այլևս չվերադառնաք, այստեղ չերևաք, մարդիկ էլ վախենում են գնալ։ Գյուղացիներին արգելող չկա, եթե ցանկանան, կարող են գնալ, բայց ես իրենց ասել եմ, որ վտանգավոր է գնալը, թակարդում կարող են հայտնվել։ Կարծում եմ՝ անցնող չի լինի, որովհետև գիտեն՝ ադրբեջանցին ինչի է ընդունակ»,- ասաց Դավիթ Դավթյանը։
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մնացած մեծշենցիներ, գյուղապետի խոսքով, այս պահին չկան։