Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 69% ԲԱՑԱՍԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԼՂ ՀԱՐՑՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Արցախի ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը գրում է

«Թերևս հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո հայտարարեց, թե միջազգային հանրությունը պահանջում է Արցախի հարցում նշաձողի իջեցում: Այնուհետև սկսվեց խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացը։Ներկայիս փաստաթուղթը, որը քննարկվում է Վաշինգտոնում, վերանվանվել է «Հարաբերությունների կարգավորման համաձայնագիր», որտեղ նշվում է, որ «պետք է հարգել Հայաստանում և Ադրբեջանում ապրող բոլոր էթնիկ փոքրամասնությունների շահերը»:

Փաստացի, Փաշինյանի «նշաձողի իջեցման» արդյունքում, Արցախը ոչ միայն կորցրել է իր ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցը, այլև արցախցիների խնդիրները, փաստացի հավասարվել են այն ադրբեջանցիների հետ, ովքեր իբր «բռնի տեղահանվել են» Հայաստանից 1988-89 -90 թվականներին և տեսականորեն իրավունք են ստանալու վերադառնալ Հայաստան:

Քանի դեռ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների կողմից ուղղակի կամ անուղղակի հետնահանջ է գրանցվում միջազգային հարթակներում Արցախի շահերի պաշտպանության գործում, քանի դեռ Հայաստանի իշխանությունները խոսելով «Բաքու-Ստեփանակերտ երկխոսության» մասին, խուսափում են Լաչինի միջանցքի շուրջ և ընդհանրապես Արցախի կարգավիճակի շուրջ բանակցություններին մասնակցելուց, երբ միաժամանակ Ալիևը հայտարարում է, որ «Ղարաբաղի հարց», որպես այդպիսին այլևս գոյություն չունի, և ինքը ոչ մի միջնորդ չի ճանաչելու՝ որևէ դրական սպասում չի կարող լինել: Այս ամենը պետք է գիտակցեն նաև Արցախի իշխանությունները և համապատասխան հետևություններ անեն: Արցախ չհանձնելը միայն ասելով չի, գործել է պետք:

Հ.Գ. Հայաստանի բնակչության 69 տոկոսը բացասական գնահատական է տալիս ԼՂ հարցում Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականությանը։ Ի լրումն՝ հարցվածների 52 %-ը կարծում է, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ»:

Panorama.am