«ԻՆՔՆԻՇԽԱՆ» ԿԱՄԱԿԱՏԱՐԸ

Ինքնիշխանություն... Ախ, ո՜նց է սիրում այդ բառը մեր վարչապետը։ Հաց ու ջուր մի տուր, միայն թույլ տուր դատողություններ անել ինքնիշխանության մասին: Իբր՝ չենք ունեցել մենք ինքնիշխանություն նախկինների օրոք։ Եվ միայն ինքը՝ թավշե Նիկոլն է վերականգնում այսօր Հայաստանի ինքնիշխանությունը։

Իրականում բոլորը հասկանում են, թե ինքնիշխանություն ասելով ինչ նկատի ունի այն մարդը, որը տանուլ է տվել պատերազմը, փլուզել բանակը, ներս թողել թշնամուն իր տարածք և սողում է թուրքերի առաջ։ Իրականում «ինքնիշխանություն» ասելով Նիկոլը նկատի ունի Երևանի շրջադարձը Մոսկվայի հետ ռազմավարական դաշինքից դեպի Վաշինգտոնի հետ դաշինք։ Դրանում է ամփոփված նրա ողջ տխրահռչակ «ինքնիշխանությունը»։

Թե ինչպիսին է իրականում ինքնիշխանության մակարդակը Հայաստանում Նիկոլի օրոք՝ ակնհայտ ցույց է տալիս «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի հետ կապված պատմությունը։ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ բացվեց հուշարձանը, ի պատասխան Թուրքիան փակեց օդային տարածքը մեր ինքնաթիռների համար։ Այնտեղ համարեցին, որ իրենց նախնիներին կարելի էր ցեղասպանություն կազմակերպել, իրենց կարելի է համառորեն ժխտել դա, իսկ մեզ չի կարելի հուշարձան կանգնեցնել Ցեղասպանության կազմակերպիչներին պատժած ժողովրդական վրիժառուների պատվին։

Ինչպե՞ս արձագանքեց պաշտոնական Երևանը: Գուցե նա վրդովվե՞ց Հայաստանի տեղական իշխանության մարմինների իրավասության մեջ մտնող որոշումների վրա ազդելու Անկարայի փորձերից։ Գրեթե

Նիկոլը խորհրդարանում խորիմաստ հարց տվեց. իսկ ի՞նչ տվեց մեզ այդ հուշարձանը։ Իսկ հետո ասաց, որ Անկարայի որոշումից հետո խնդիրներ ունենք մենք, այլ ոչ թե նրանք։ Այսինքն, թեկուզ ոչ ուղիղ տեքստով, բայց փաստացի ասաց, որ հուշարձանի բացումը սխալ էր։ Ահա այսպիսի «ինքնիշխան» Նիկոլ ունենք։

Ավելին, մեր իշխանություններն արդեն փորձում են արդարանալ թուրքերի առաջ, քավել «մեղքը»։ Չավուշօղլուն նշեց, որ Երևանը պատճառաբանում է, թե հուշարձանի բացումը քաղաքապետարանի որոշումն է։ Ասել է թե՝ հանրապետության քաղաքական իշխանությունը չէ, որ նման որոշում է կայացրել։

Նիկոլը խորհրդարանում է՛լ ավելի հեռուն գնաց։ Սկսեց բացատրել, որ որոշումը կայացվել է 2020-ին՝ պատերազմից հետո։ Եթե այդ ժամանակ նման որոշում չկայացվեր, իրեն դավաճան կանվանեին, ասում էր Նիկոլը խորհրդարանում՝ փաստացի դիմելով Անկարային։ Իբր՝ ո՜վ գիտե, հնարավոր է, որ այն ժամանակ դա դառնար վերջին կաթիլը, և ինձ գահընկեց անեին, իսկ դուք, պարոնայք Էրդողան և Չավուշօղլու, չէիք ցանկանում դա, այնպես չէ՞։ Չէ՞ որ դրանից երկու ամիս անց հենց ինքներդ ձեր հայտարարություններով աջակցեցիք ինձ, երբ իմ հրաժարականի օգտին արտահայտվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը... Ուրեմն ի՞նչ եք կառչել հուշարձանին:

Դե, այսպես է շա՜տ ինքնիշխան Նիկոլն այսօր սողում Անկարայի առջև՝ «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացման համար։

Իսկ հուշարձանի բացման որոշումն իսկապես կայացվել է քաղաքապետարանի կողմից։ Եվ ի՞նչ, հիմա ցանկացած տեղական իշխանություն, լինի դա թեկուզ ամենախուլ գյուղում, պիտի համաձայնեցնի այս կամ այն հուշարձանի բացման որոշումը Անկարայի հե՞տ։ Իսկ գուցե Չավուշօղլուն պահանջի ապամոնտաժել նաև Թեհլիրյանի հուշարձա՞նը։ Իսկ հետո՝ Ցեղասպանության զոհերի հուշահամալի՞րը: Թուրքերի զգացմունքներին չդիպչելու համար… Եվ Նիկոլը խորհրդարանում կասի. իսկ ի՞նչ է տալիս մեզ այդ հուշահամալիրը։

Զավեշտալի է, թե ինչպես են բերանները ջուր առել «Քաղաքացիական պայմանագրի» անդամներն ու հայոց աշխարհի հանրահայտ սորոսաճտերը։ Իսկ պատկերացրեք, թե ի՜նչ աղմուկ կբարձրացնեին նրանք, եթե Մոսկվան պահանջեր ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը և առավելևս փակեր իր օդային տարածքը... Կամ Իրանը հանկարծ վրդովվեր Վարդան Մամիկոնյանի արձանից... Այդ ժամանակ հաստատ ողջ սորոսանախիրն ու Նիկոլի թիմը կաղաղակեին անարգված ինքնիշխանության մասին։ Վայնասունը ողջ տարածաշրջանը կբռներ: