Մեծամորի ատոմակայանի 2–րդ էներգաբլոկը կանգնել է նախազգուշական վերանորոգման

Հայաստանի ատոմակայանի էլեկտրակայանի 2–րդ էներգաբլոկն այսօրվանից կանգնել է վերանորոգման։ Տեղեկությունը հրապարակվել է ՀԱԷԿ–ի ֆեյսբուքյան էջում։

«Մայիսի 5-ին՝ ժամը 01:45, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 75 օր տևողությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ:

Նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները.

- ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու լրիվ բեռնաթափմամբ,

- թիվ 2 և 3 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում,

- թիվ 2 և 3 շոգեգեներատորների հիմնանորոգում,

- տուրբագեներատորների ընթացիկ վերանորոգում,

- շոգետուրբինների ընթացիկ վերանորոգում:

Ատոմակայանից հայտնում են, որ վերը նշված հիմնական աշխատանքներից բացի, իրականացվելու են անվտանգային որոշ համակարգերի արդիականացմանն ուղղված աշխատանքներ, ինչպես օրինակ՝ պատասխանատու սպառիչների հովացման համակարգի խողովակաշարերի փոխարինում:

Նախատեսվող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեցող մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից, Խորվաթիայից, Չեխիայից և այլ երկրներից:

Վերանորոգման գործընթացն իրականացվելու է ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետների վերահսկողության ներքո:

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է հուլիսի 18-ին:

Sputnik Արմենիա