Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ԵՐԿՈՒ ԱԹՈՌԻՆ ՆՍՏԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐ ՉԻ ԿԱՐՈՂ ՏԵՎԵԼ
Եթե Արևմուտքը Հայաստանին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման որևէ առաջարկ չի արել, դա ՀՀ դիվանագիտության ձախողումն է, սակայն ըստ տեղեկությունների եղել են հստակ առաջարկներ, և այժմ քննարկվում են էթնիկ փոքրամասնությունների իրավունքները։ Այսինքն` խոսքը Ղարաբաղը հանձնելու մասին է։ Նման կարծիք Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը` խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության և տեղի ունեցող բանակցությունների մասին։
Օրերս խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արևմուտքից հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ որևէ առաջարկ չի եղել, որ դեռ բովանդակությամբ էլ հակասեր ռուսականին։
«Անհեթեթություն է, թե առաջարկներ չկան։ Իհարկե բանակցում են, և իհարկե առաջարկներ կան։ Ուղղակի չեն ուզում դա ասել, բայց ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղը հանձնելու մասին են բանակցությունները։ Արևմուտքը առաջարկում է իր կողմից ինչ-որ բան երաշխավորել կամ չերաշխավորել` դա ուրիշ հարց է։ Այսինքն` Փաշինյանի հայտարարությունը անհնար է մեկնաբանել` այն ռացիոնալ միտք չէ»,–ասաց քաղաքագետը։
Խաչիկյանի խոսքով` Փաշինյանի նման ձևակերպումը տրամաբանական չէ, քանի որ ստացվում է` Հայաստանը բանակցությունների համար ընտրել է մի հարթակ, որտեղից չկա առաջարկ։
Իսկ իրականում, քաղաքագետի համոզմամբ, Միացյալ Նահանգները, պլատֆորմ տրամադրելով հայ–ադրբեջանական բանակցությունների համար, ունի իր առաջարկները և նպատակները։
«Նրանք ինչ-որ առաջարկներ կունենան, ինչ-որ ճնշում կգործադրեն, ինչպես Wall street ժուռնալը առաջարկում էր, որ ԱՄՆ-ն ճնշում գործադրի Հայաստանի վրա։ Պարզ է իհարկե, որ նրանք ճնշելու են հայերին, որ համաձայնեն ԼՂ-ն թողնել Ադրբեջանի կազմում, այդտեղից ՌԴ-ի ուժերը դուրս գան, հետո Հայաստանից ռուսական բազան դուրս գա»,–ասաց նա։
Նման իրավիճակում վաշինգտոնյան հարթակին նախապատվություն տալու հարցում քաղաքագետը տեսնում է երկու պատճառ։ Նախ, որ ՀԱՊԿ-ը հրաժարվեց դատապարտել Ադրբեջանին ՀՀ տարածքը զավթելու համար, և այն, որ չկարողացան բացել Լաչինի միջանցքը։ Այս երկու դեպքերը նեգատիվ ձևով ազդեցին, և հայ հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ սկսեցին տարածվել։
«Որոշ առումով հուսահատության հիմք կա, բայց դա չի նշանակում, որ պետք է միանգամից հրաժարվել և գնալ ուրիշ տեղ, մանավանդ որ այնտեղ ոչ մի բան չեն առաջարկում, մանավանդ երբ պատերազմը կանգնեցրել է ՌԴ–ն և նոյեմբերի 9–ի պայմանագիրը, որը արդեն գոյություն չունի, ստորագրվել էր Ռուսաստանի հովանավորությամբ։ Եթե արևմուտքը ոչինչ չի առաջարկում, երաշխիքներ չի տալիս, Արևմուտքը անգամ որևէ ուժ չի տեղադրելու այստեղ, ինչպես կարելի է այդպես խաղաղության պայմանագիր ստորագրել և դառնալ Թուրքիայի և Ադրբեջանի պատանդը»,–կարծում է մեր զրուցակիցը։
Այս դեպքում փորձագետը նշում է` պետք է աշխատել այն երկրների հետ, որոնք առաջարկ ունեն, խոսքը մասնավորապես ՌԴ-ի մասին է, որը կոնկրետ առաջարկում էր ԼՂ հարցը թողնել ապագային։ Խաչիկյանն ընդգծում է, որ ռուսական օրակարգը չչեղարկելով` պետք է այնպես անել, որ երկու կողմը` Արևմուտքը և ՌԴ–ն, մրցակցության մեջ լինեն և ՀՀ–ին ամենալավ առաջարկն անեն։
Չնայած այս դեպքում էլ խնդիր կա, քանի որ երկու թևի համար էլ Ադրբեջանն իր նավթով և գազով ավելի մեծ քաշ ունի, քան Հայաստանը, իսկ Թուրքիայի ռազմաստրատեգիական պոտենցիալը իրենց համար շատ ավելի կարևոր է։
«Դա է մեր պրոբլեմը, որ մենք փոքր պոտենցիալ ունեք։ Բայց ՌԴ-ն դեռ որոշ զսպող դեր կատարում է այստեղ, ՌԴ-ն դեռ պատրաստ չէ հանձնել Հարավային Կովկասը և որոշ ձևով զսպում է Թուրքիային։ Վերջապես մեր ղեկավարն էլ ասաց, որ Արևմուտքը ոչինչ չի առաջարկում, ուրեմն պետք է աշխատել ՌԴ-ի հետ, ուրիշ երկրների հետ։ Ցանկացած դեպքում պետք է պրագմատիկ մտածել և որևէ կողմից ստանալ այն որոշումը, որը կապահովի մեր և Արցախի անվտանգությունը»,–նշեց Խաչիկյանը։
Իշխանությունների անընդհատ իրենց հակասելը, ստույգ դիրք չունենալը հանգեցրել է նրան, որ ռազմավարական դաշնակիցը արդեն ՀՀ-ի հետ հեգնանքով է խոսում։ Իրականում Խաչիկյանն էլ ճիշտ է համարում Հայաստանի` և՛ Վաշինգտոնում, և՛ Մոսկվայում հարցի ինչ–որ լուծման հասնելու փորձերը, սակայն երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը երկար չի կարող ձգձգվել, ինչ- որ պահի պետք է որոշում կայացնել։ Հետևաբար ժամանակն է, որ իշխանությունները բացահայտ ասեն, թե որտեղով են անցնում ՀՀ կարմիր գծերը։