Գրոսի․ Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը գնալով ավելի անկանխատեսելի է դառնում

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետներն անհանգստացած են Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում (ԶԱԷԿ) ավելի ու ավելի անկանխատեսելի և «պոտենցիալ վտանգավոր» իրավիճակով։ Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:

«Ընդհանուր իրավիճակը Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում դառնում է ավելի անկանխատեսելի և պոտենցիալ վտանգավոր։ Ես խիստ մտահոգված եմ միջուկային անվտանգության իրական սպառնալիքներով։ Մենք պետք է հիմա գործենք, որպեսզի կանխենք միջուկային ծանր վթարի վտանգը և դրա հետ կապված հետևանքները բնակչության և շրջակա միջավայրի համար»,-ասված է գործակալության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Կազմակերպության զեկույցում ընդգծվում է, որ ԱԷՄԳ-ի փորձագետները տեղում շարունակում են պարբերաբար արձանագրել գնդակոծություններ: Վերջին օրերին նրանք չեն կարողացել այցելել Էներգոդար, որտեղ բնակվում է ԶԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը, սակայն տեղեկություններ են ստացել քաղաքում տարհանման մասին:

ԶԱԷԿ-ի հարթակի տնօրեն Յուրի Չերնիչուկը հայտարարել է, որ օպերատիվ անձնակազմը չի տարհանվում և անում է անհրաժեշտ ամեն ինչ՝ կայանում միջուկային անվտանգությունն ապահովելու համար: Նա հավելել է, որ սարքավորումների սպասարկումն ընթանում է միջուկային անվտանգության և պաշտպանության բոլոր կանոններով:

News.am