Կլիչկոն Կիևի վրա դրոնների գիշերային հարձակումն անվանել է պատերազմի ողջ ընթացքում ամենազանգվածայինը

Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա իրանական «Շահեդ» ընտանիքի կամիկաձե դրոններով։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ ընդհանուր առմամբ արձակվել է 60 դրոն, որից 36-ը՝ Կիևի ուղղությամբ: Նա հայտարարել է, որ դա Ուկրաինայի մայրաքաղաքի ամենազանգվածային հարձակումն էր լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր: Բոլոր 36 դրոնները խոցվել են ՀՕՊ-ի կողմից, զոհեր չկան։

«Մի քանի դրոնների բեկորները վնասել են որոշ սոցիալական օբյեկտներ և բնակելի բազմահարկ շենք Սվյատոշինսկի շրջանում։ Բարեբախտաբար, զոհեր չեղան։ Բայց հինգ մարդ վիրավորվել է քաղաքի երկու շրջաններում [Սոլոմենսկի և Սվյատոշինսկի]: Երկու տուժածներին հոսպիտալացրել են, նրանցից մեկին վիրահատել են։ Բժիշկներն ասում են, որ կյանքին վտանգ չի սպառնում»,-ասել է Կլիչկոն։

Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը Ռուսաստանը հարձակվել է նաև Օդեսայի վրա։ Ըստ նախնական տվյալների՝ X-22 հրթիռներով։ Նրանք հայտնվել են սննդի պահեստի շենքում։ Հրդեհը տարածվել է ավելի քան 6000 քառակուսի մետր տարածքի վրա։ Տուժել է երեք մարդ։ Զոհվել է առնվազն մեկը՝ պահեստի պահակը, նրա դին գտել են փլատակների տակ։ Կրեմլը, իր հերթին, պնդում է, որ Օդեսայում խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի պահեստները։

News.am