Տիրան Խաչատրյան․ Ես այդ հանձնաժողովի նկատմամբ վստահություն չունեմ, չեմ գնալու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը չի վստահում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում` ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրով գործով դատական նիստից առաջ։

 

«Ես այդ հանձնաժողովի նկատմամբ վստահություն չունեմ»,– ասաց Խաչատրյանը։

Մեկնաբանելով այն խոսքերը` իբր ինքը վախենում է գնալ հանձնաժողովի նիստերին, Խաչատրյանը վստահեցրեց, որ պատրաստ է հանդիպել ցանկացած տեղ և ցանկացած պայմաններում, անգամ իշխանությունների նշած վայրում։ Վստահեցրեց` ինքը ոչնչից չի վախենում։ Միևնույն ժամանակ շեշտեց, որ այդ հանձնաժողովի նիստերին մասնակցելն անիմաստ է, թեկուզ հենց ժամանակի կորստի առումով։ Բարձրաստիճան զինվորականը բացատրեց` այն տեղեկությունը, որը հնչելու է այդ նիստերի ժամանակ, չի հայտնվելու որևէ տեղ, չի հանրայնացվելու։

«Եթե այդ հանձնաժողովում հավաքված է մի թիմ, որը շատ բաներում է մեղավոր, չեմ կարծում, թե դուրս կգան ու կբարձրաձայնեն իրենց մեղքը, իրենց չարածը կամ, առավել ևս, հանցագործությունները», - նշեց ԳՇ պետի նախկին տեղակալը՝ հավելելով, որ իր գնահատմամբ այդ հանձնաժողովում հավաքված են ոչ մասնագետ, զինվորական գործից անտեղյակ մարդիկ։

Հիշեցնենք՝ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին։ Մինչ օրս շարունակվում է ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունը։ Այս ընթացքում հանձնաժողովը ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ` ընդհանուր 14.000 էջից ավելի ծավալով։

Ազգային ժողովի որոշմամբ մայիսի 3-ին քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց։

News.am