Պուտին․ Արևմուտքը սադրում է հակամարտություններ և հեղաշրջումներ՝ իր կանոնները թելադրելու համար

Արևմտյան երկրները սադրում են հակամարտություններ և հեղաշրջումներ, ոչնչացնում են ավանդական արժեքները՝ այսուհետ ևս իրենց կանոնները, ըստ էության՝ թալանի և բռնության համակարգը թելադրելու համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կարծում ենք, որ գերազանցության հասնելու ցանկացած գաղափարախոսություն իր բնույթով զզվելի է, հանցավոր և մահասփյուռ։ Սակայն արևմտյան գլոբալիստական էլիտաները նախկինի պես պնդում են իրենց բացառիկությունը, իրար դեմ հանում մարդկանց և բորբոքում հասարակությունը, սադրում արյունալի հակամարտություններ և հեղաշրջումներ, ատելություն, ռուսատյացություն, ագրեսիվ նացիոնալիզմ են սերմանում, ոչնչացնում են նաև ընտանեկան ավանդական արժեքները, որոնք մարդուն մարդ են դարձնում»,- ասել է Պուտինը Հաղթանակի զորահանդեսում։

Եվ այս ամենը, ըստ Պուտինի, այն բանի համար, «որպեսզի այսուհետ ևս թելադրեն, ժողովուրդներին պարտադրեն իրենց կամքը, իրենց իրավունքները, կանոնները, իսկ ըստ էության՝ թալանի, բռնության և ճնշման համակարգը»։

«Ըստ երևույթին, նրանք մոռացել են, թե ինչի հանգեցրին համաշխարհային գերազանցության նացիստների անմիտ հավակնությունները, մոռացել են, թե ով է ջախջախել այդ հրեշավոր համատարած չարիքը, ով է որպես պատ կանգնել հայրենի հողի համար և կյանքը չի խնայել հանուն Եվրոպայի ժողովուրդների ազատագրության»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը։

«Նրանց նպատակը, և այստեղ որևէ նոր բան չկա, մեր երկրի փլուզմանն ու ոչնչացմանը հասնելն է, Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները ջնջելը, վերջնականապես կոտրելն անվտանգության և միջազգային իրավունքի համակարգը, խեղդել զարգացման ցանկացած սուվերեն կենտրոն»,- ասել է Պուտինը Հաղթանակի զորահանդեսում։

News.am