Ռուբեն Վարդանյան․ Միակ տարբերակը մնացել է պայքարելը

Մայիսի 9-ը միշտ լինելու է մեր տոնը, միշտ հիշվելու են մեր հաղթանակները և կերտվելու են նոր հաղթանակներ, ես դրանում համոզված եմ. սա Արցախի կաւերոր օրերից է, ես ուրախ եմ, որ երիտասարդներն են այստեղ կանգած, դուք եք սա սկսել: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի կազմակերպած հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Ես վստահ եմ, որ միայն դուք կարող եք կերտել արժանապատիվ ապագա ձեզ համար և ամբողջ Արցախի համար: Մենք միշտ եղել ենք արժանապատիվ մարդ, արժանապատիվ մարդ ու արժանապատիվ արցախցի, և մենք պահելու ենք մեր արժանապատվությունը՝ չնայած բոլոր դժվարություններին:

Մենք բոլորս իրար հետ միասին գծել էինք մեր կարմիր գծերը և ասել, որ դա անընդունելի է արցախցիների համար: Դրանք 6-ն են: Ապրիլի 23-ին Ադրբեջանը խախտեց այդ կարմիր գիծը՝ դնելով անցակետ»,-ասաց նա:

Ռուբեն Վարդանյանի խոսքով, միակ տարբերակը մնացել է պայքարելը. «Պետք է պայքարել, ուրիշ տարբերակ չկա, այլապես դու դառնում ես ոչ արժանապատիվ մարդ, որի վրա կարելի է ոտքերը սրբել ու անցնել: Կարմիր գիծը բոլորիս համար պետք է հստակ լինի, որովհետև մենք իրավունք չունենք ենթարկվելու, որ մեր անձնագրերը ստուգի ուրիշ պետություն: Ոչ ոք չպետք է սահմանափակի մեր ազատ ելք ու մուտքը Հայաստան:

149 օր մենք շրջափակման մեջ ենք, չունենք գազ, լույս: Դուք գիտեք Սարսանգի ջրամբարի վիճակը, մենք ունենք ահավոր շատ խնդիրներ, բայց մենք դիմանում ենք ու չենք ընկճվում: Այս ճանապարհով ոչ մի ռեինտեգրացիայի մասին խոսք չի կարող լինել, սա ռեօկուպացիա է: Ասենք ոչ ռեօկուպացիային: Մենք պաշտպանում ենք մեր տները, մեր գերեզմանները, մեր հողի վրա ապրելու մեր իրավունքը: Մենք ոչ մեկի վրա չենք ուզում հարձակվել, մենք ուղղակի ուզում ենք հանգիստ, երջանիկ ապրել մեր հողի վրա:

Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց դրանք չեն կարող լինել ադրբեջանական հիմքի վրա, դրանք պետք է լինեն իրար հարգելու վրա: բանակցությունները պետք է լինեն այն ժամանակ, երբ մենք կարողանանք աշխարհին ասել՝ մենք որպես անկախ Արցախ կարող ենք նստել և խոսել հարևանների հետ:

1988-ից մենք ունենք նպատակ՝ ունենալ ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախ ու այդ նպատակը չի փոխվել: Այսօր այս երիտասարդներն ասում են՝ լուծեք հարցերը, չեք կարող լուծել, մենք ենք լուծելու, ոնց կարողանանք, այդպես էլ կլուծենք: Բայց մենք ուրիշ ճանապարհ չունենք»,-հայտարարեց նախկին պետնախարարը:

News.am