ՄԵՆՔ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ ՇՈՒՇԻ, ԵՐԲ ՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ ՇՈՒՇԻԻՆ

Արդեն երեք տարի շարունակ մայիսի 8-9-ին տանջում է հարցը. ինչպե՞ս նշել այս օրը։ Տոնել, թե՞ տխրել, հարգանքի տուրք մատուցել հաղթանակած հերոսներին, թե՞ ամենավերջին խոսքերով հայհոյել հանձնողներին, պաթոսով լի և ռոմանտիկ ներբողներ ձոնել, թե՞ սթափ դատել՝ այսօրվա իրողությունների հաշվառումով։ Արդեն երեք տարի շարունակ Եռատոնը տոն չէ, այլ կորսված երջանկության մասին հուշերի օր: Շուշի ունենալու երջանկության և Պաշտպանության բանակ ունենալու երջանկության՝ որպես Շուշիի ու Արցախի հզոր, հուսալի ու իր ուժերին վստահ պաշտպանի, որ ծնվեց այդ օրը:

Ինչպե՞ս ազատագրվեց արծվաբնի պես անառիկ հայոց լեգենդար բերդաքաղաքը: 28 տարի մենք հպարտացել ենք «Հարսանիք լեռներում» գործողությամբ, որը տեղ է գտել բազմաթիվ դասագրքերում՝ որպես բարձրագույն ռազմարվեստի օրինակ։ Հնարավոր դարձնելով անհնարինը և Աստծո օգնությամբ վերադարձնելով Շուշին իր իսկական տիրոջը՝ հայ ժողովրդին։ Հպարտացել ենք հայ մարտիկների հերոսությամբ, արիությամբ ու խիզախությամբ, հիացմունքով ու հուզմունքով հազար անգամ վերանայել ազատ Շուշիի առաջին րոպեների անգին կադրերը՝ առաջին աղոթքը Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց կիսավեր տաճարում: Շնչել ենք Հունոտի (Ջդրդուզի) անկրկնելի օդը՝ զգալով Երկնքին մոտ լինելը, ուժ ու հավատ ձեռք բերելով հայոց ոգու հաղթանակի նկատմամբ։ Եվ կարծում էինք, թե դա հավերժ է լինելու

Դրանից լոկ ավելի ցավոտ դարձավ բախումն իրականությանը 2020-ի նոյեմբերի 8-ին։ Իսկ երբ պատերազմի ավարտից ընդամենը մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 16-ին Նիկոլ անունով սուբյեկտը հայտարարեց, թե մեր Շուշին, պարզվում է, «դժգույն ու դժբախտ» քաղաք է, պարզ դարձավ, որ այս իշխանությունները հանձնել են Շուշին գիտակցաբար ու նպատակադրված։ Եվ որ նրանք սպասում էին հենց բերդաքաղաքի անկմանը, որպեսզի վերջապես ավարտեին պատերազմն ու հայտարարեին իրենց կապիտուլյացիայի մասին։ Այսպես էին նրանք ազատվում Արցախից, որպեսզի «Հայաստանը լավ ապրի»։

Կրկին խոսել այն մասին, թե ինչ է Շուշին հայ ժողովրդի համար, անիմաստ է։ Քանզի կորուստը ոչինչ չի փոխել. արցախյան քաղաքը մնում է մեր սրբազան գանձը, մեր պատմության, մեր մշակութային, կրոնական և քաղաքակրթական ժառանգության խորհրդանիշներից մեկը: Շուշիի նկատմամբ մեծագույն սերը հարատև է բոլոր նրանց համար, ովքեր իրենց գիտակցում են հայ՝ հայկական ինքնության կրող: Եվ Շուշիի համար մեր վիշտը չի մարի այնքան ժամանակ, մինչև որ նա նորից վերադառնա մեզ։ Բայց այն վիճակում, որում այսօր հայտնվել է Հայաստանը, Շուշիի վերադարձն առայժմ լոկ երազանք է, ոչ ավելին։

Ինչպե՞ս հանձնվեց անառիկ համարվող բերդաքաղաքը։ Այդ ի՞նչ հմուտ ռազմական գործողություն իրականացրեց թշնամին, որ կարողացավ մտնել Շուշի։ Ռազմարվեստի տեսանկյունից մտահղացման և կատարման առումով այն պետք է առնվազն հավասար լիներ «Հարսանիք լեռներում» գործողությանը։ Մինչդեռ նման բան չի եղել, համենայնդեպս այդպիսի գործողության մասին ոչինչ հայտնի չէ։

Փոխարենը հայտնի է բազմաթիվ անհամապատասխանությունների, տարօրինակությունների, անհասկանալի «պատահականությունների», անբացատրելի հանգամանքների մասին, որոնք էլ արդյունքում հանգեցրին Շուշիի բռնազավթմանը։ Փոխարենը գործնականում բոլորին և վաղուց հասկանալի է, թե ինչու Փաշինյանը չհամաձայնեց կանգնեցնել պատերազմը հոկտեմբերի 19-ին։ Որովհետև նա պետք է հանձներ Շուշին, այդպես էր խոստացել Ալիևին։ Ոչ մի այլ բացատրություն այստեղ չի գործում, առավելևս այն, որ հնչեցրեց ինքը. «որպեսզի դավաճան չանվանեն»։

Եվ առավելևս, որ երկու տարի անց նրանք սկսեցին փնտրել մեկին, ում վրա կբարդեն պարտության մեղքը։ Նրա կինը, կրկնելով Ալիևի խոսքերը, նշեց «մեղավորների» ընդհանուր թիվը. «11 հազար դասալիք»։ Իսկ ամուսինը կալանավորեց Միքայել Արզումանյանին և փորձում է նրա վրա բարդել Շուշին կորցնելու մեղքը։ Փաշինյանական հաճկատարների շարքում ամենախորշելի, ամենավարկաբեկված և ամենացինիկ գործիչներից մեկը՝ Անդրանիկ Քոչարյանը «քննում» է 44-օրյա պատերազմի հանգամանքները՝ փորձելով, իր հերթին, չքմեղացնել իր կապիտուլյանտ շեֆին և ամբողջությամբ խեղաթյուրել ճշմարտությունը պատերազմի մասին։ Ճշմարտությունն այն մասին, թե ինչպես էին կռվում և չէին հանձնվում հայ զինվորները, բայց ինչպես էին նրանց գիտակցաբար ու միտումնավոր տանում պարտության։ Այդ թվում՝ Շուշիի մատույցներում։

ՄԻՆՉԵՎ ՄԵՆՔ ՉԻՄԱՆԱՆՔ ԱՅԴ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՀՆԱՐԱՎՈՐ ՉԻ ԼԻՆԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՇՈՒՇԻՆ։ Այս իշխանության օրոք ամեն ինչ արվելու է, որպեսզի Շուշին մոռացվի որպես հայոց նվիրական քաղաք՝ հայ ժողովրդի կողմից ամենասիրվածներից մեկը։ Այս իշխանության օրոք ամեն ինչ արվելու է, որպեսզի Շուշին հիշեն հենց Փաշինյանի խոսքերով. «դժգույն ու դժբախտ»։ Քանի դեռ մենք չենք հեռացրել այս իշխանությանը, Շուշիի վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Բայց նույնիսկ այն բանից հետո, երբ նրանք մաքրվեն, անհրաժեշտ կլինի անասելի շատ աշխատել, շատ բաների մասին մտորել, շատ բան գիտակցել ու վերաիմաստավորել Հայրենիքի նկատմամբ վերաբերմունքում, մինչ «Հարսանիքը լեռներում» կրկին իրականություն կդառնա:

Որովհետև Շուշին հենց այնպես չես ազատագրի, և դա ապացուցվեց 1992 թվականի մայիսի 8-ին։ Դեպի Շուշի պետք է գնալ՝ երկար ու հանգամանորեն պատրաստվելով դրան։ Շուշի պետք է բարձրանալ, իսկ մեզ այսօր պետք է նախ ոտքի կանգնել և ոչ միայն պարզապես վերականգնել երբեմնի ուժը, այլ ավելի հզորանալ։ Հայաստանը ինքնակորստյան շեմին է. սկզբի համար պետք է հետ մղվել այդ կետից, հենվել արժանապատվության ու հավատի պահպանված փշրանքների վրա և հասկանալ, թե ինչից սկսել: Փրկել Արցախի մնացած մասը, պաշտպանել Հայաստանի սահմանները և մաքրել դրանք թուրք չարքերից։ Շունչ քաշել այդ ամենից հետո և հանգիստ, առանց խուճապի նայել Ստեփանակերտից դեպի վեր՝ Շուշի։ Եվ վճռել, որ մենք այն կվերադարձնենք: Քանզի այլ կերպ պարզապես չի կարող լինել:

Եվ միայն դրանից հետո սկսել վերադարձնել՝ ամեն րոպե, ամեն օր թեկուզ մեկ սանտիմետրով մոտենալով հարազատ քաղաքին։ Հասկանալով, թե որքան դժվար է դա, գրեթե անհնար, բայց չէ՞ որ մի անգամ մենք արդեն արել ենք այդ անհնարինը, և ուրեմն կարող ենք անել կրկին: Ո՞վ ասաց, թե Հայրենիքը կարելի է ազատագրել միայն մեկ անգամ։ Եվ եթե թուրքերին անհրաժեշտ եղավ 28 տարի և դավաճանների իշխանություն Հայաստանում, մեզ կարող է ավելի քիչ ժամանակ պահանջվել, որովհետև դա մեր քաղաքն է։ Մենք այն չենք զավթում դավաճանության շնորհիվ. մենք ազատագրում ենք: Պարտավոր ենք ազատագրել։ Եվ կազատագրենք. միայն ժամանակ է պետք և վերադարձ մեր ինքնությանը։

Իսկ Մայիսի 9-ը պետք է նշել որպես հայոց պատմության ամենապանծալի ու հիշարժան օրերից մեկը։ Պետք է հիշել այս պայծառ օրվա բոլոր ամենաերջանիկ մանրամասները և ոգեշնչվել դրանցով: Հիշել հերոսներին, արտաբերել Կոմանդոսի անունը և այդ անունների մեջ փնտրել կորսված ուժը, արժանապատվությունն ու պատիվը։ Տոնել «Հարսանիքը լեռներում», որը դեռ չի ավարտվել: Այն կավարտվի այն օրը, երբ մենք կվերադառնանք Շուշի և կրկին առաջին աղոթքը կուղղենք Տիրոջը Ամենափրկիչ տաճարում։ Եվ կրկին կվերականգնենք այդ տաճարը, որի ճանապարհը նույնքան բարդ ու օրհնյալ է, որքան ճանապարհն առ Աստված: