ՌԴ-ն ՀՀ-ից և Ադրբեջանից զսպվածություն է ակնկալում

Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանից զսպվածություն է ակնկալում: Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` անդրադառնալով Սոթքի հատվածում այսօր տեղի ունեցած իրադարձություններին:

«Մենք, իհարկե, կողմերից ակնկալում ենք զուսպ մոտեցում, կոչ ենք անում չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է հանգեցնել լարվածության աճի»,– ասել է նա։

Պեսկովը նշել է, որ ՌԴ–ն շարունակում է շփումները և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ։

«Դուք գիտեք, որ շփումները շարունակվում են, բառացիորեն երկու օր առաջ Պուտինը (Վլադիմիր) առանձնազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը Մոսկվայում էր Հաղթանակի օրվա կապակցությամբ, շարունակվում են շփումները ադրբեջանական կողմի հետ։ Ռուսաստանը կշարունակի իրականացնել իր գործառույթները, որոնք նախատեսված են եռակողմ փաստաթղթերին համապատասխան», - ասել է Պեսկովը լրագրողներին։

Նա միաժամանակ նշել է, որ Երևանի և Բաքվի միջև նոր լարվածության ֆոնին Պուտին–Փաշինյան և Պուտին–Ալիև շփումներ այս պահին նախատեսված չեն։

Sputnik Արմենիա