Սեյրան ՕՀԱՆՅԱՆ․ ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՏԻՐԱՆԱԼ ՍՈԹՔԻ ՀԱՆՔԻՆ

Սոթքի ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի առանցքային նպատակն էր Սոթքի ոսկու հանքին ամբողջությամբ տիրանալը, սակայն հայկական բանակը հակահարված է տվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Այս սադրանքի նպատակը և՛ դիրքային բարելավում ստանալն էր, և՛ Սոթքի հանքին ամբողջությամբ տիրանալը։ ՀՀ իշխանությունները պետք է սթափ գնահատեն, ընդհանուր առմամբ ռազմաքաղաքական իրավիճակի առումով իրենց կարողություններն ավելացնեն։ Որոշումների ընդունման մեջ կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտություն են»,- ասաց Օհանյանը:

Նրա խոսքով` Բաքվի ռազմավարական նպատակը ՀՀ-ի վրա ազդելն է, շարունակաբար ճնշելը, որպեսզի բանակցային գործընթացում կամ հայ-ադրբեջանական հարաբերություններում իրենք մշտապես հանդես գան առավելապաշտության և հաղթողի դիրքից:

ՀՀ ՊՆ նախկին ղեկավարն ընդգեց` եթե սա տեղի է ունենում բանակցային գործընթացին զուգահեռ, ապա պարզ է դառնում, որ Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվել:

«Յուրաքանչյուր բանակցության փուլին զուգահեռ, դրանից առաջ, հետո, կամ ընթացքում իրենք ուժային ճնշումներ ու սադրանքներ են կազմակերպում, որպեսզի բանակցությունների ընթացքում մենք գնանք զիջումների: Փառք Աստծո, երբ բանակը ցույց է տալիս ուժ, իրենք բանակցություններում հաջողություններ չեն կարող ունենալ»,- նշեց Օհանյանը։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ կողմից կատարված հանցավոր ռազմական գործողությունների առթիվ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։

Sputnik Արմենիա