ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԻՐ ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐԸ ԱՐՑԱԽՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐՆ ԵՆ

Հերոսական Արցախի շուրջ օղակը օրըստօրե ավելի է սեղմվում: Կատաղելով, ըստ երևույթին, մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքից, Ալիևն արդեն գործնականում իսպառ արգելափակել է մարդասիրական բեռների նույնիսկ նվազագույն մատակարարումը հանրապետություն, ինչպես նաև արգելում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին իրականացնել հիվանդների, այդ թվում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների փոխադրումները։ Պետք է ենթադրել, որ նրա բացարձակ անմարդկայնության համար ոգևորող գործոն է դարձել նաև հայրիկի 100-ամյակը։

Եթե հաշվի առնենք Սարսանգի ջրամբարի աղետալի վիճակը, ապա պարզ է, որ Արցախում, առանց որևէ չափազանցության, հենց մեր աչքի առաջ կատարվում է ցեղասպանություն: Սա արդեն բնավ հումանիտար ճգնաժամ չէ, ոչ էլ հումանիտար աղետ. սա «քաղաքակիրթ մարդկության» աչքի առաջ բացահայտ իրականացվող ցեղասպանություն է 120 000 մարդու հանդեպ, որոնց միակ «մեղքը» կտրական հրաժարումն է հանցավոր վերջնագիրը կատարելուց. կրկին բռնի ընդգրկվել հայատյացության պետական քաղաքականություն վարող ահաբեկչական պետության կազմում, կամ լքել Հայրենիքը։

Արդեն որերորդ անգամ մեջբերենք ցեղասպանության հանցագործության ՄԱԿ-ի կոնվենցիայով ամրագրված սահմանումներից մեկը. «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծում, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը» (հոդված 2, կետ 3): Հարց է առաջանում. ուրիշ էլ ի՞նչ «կյանքի պայմաններ» պետք է ստեղծի արցախահայության համար Ադրբեջանը, որպեսզի աշխարհը վերջապես բարեհաճի գործուն ուշադրություն հատկացնել իրավիճակին։ Եթե, իհարկե, արդի աշխարհը ունակ է դրան

Մինչդեռ, արդարացիորեն մեղադրելով միջազգային հանրությանը անտարբերության, իսկ ռուսական կողմին՝ գործնական անգործության մեջ, պետք է հստակ արձանագրել մի անառարկելի ճշմարտություն. տեղի ունեցող ամենի գլխավոր մեղավորը Հայաստանի իշխանություններն են, որոնք չեն ձեռնարկում չնչին իսկ քայլեր և գործողություններ, որոնք կարող են փոխել իրավիճակը։ Ձեռքին ունենալով նաև Ալիևի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը, ունենալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, ինչպես նաև ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճիռը՝ Հայաստանի իշխանությունները բացահայտ հրաժարվում են իրավիճակի վրա ազդելու բոլոր հնարավորություններից, անտարբեր նայելով, թե ինչ է անում Բաքվի բռնապետը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։

Նման բան հնարավոր է միայն երկու դեպքում. կա՛մ նրանք այդքան ապաշնորհ են ու անկարող, կա՛մ ամեն ինչ անում են գիտակցաբար, ամեն կերպ օգնելով ու աջակցելով Ադրբեջանին հայկական Արցախը խեղդելու և նրա բնակիչներին բռնի տեղահանելու գործում։ Վերջին երեք տարիների իրադարձությունները համոզիչ կերպով ապացուցեցին, որ ակներև է վատթարագույնը. «գործում են» միանգամից երկու տարբերակները։ Ապացույցները ոչ միայն հուզական ու բանավոր, այլև փաստացի ոլորտում են։ Հայկական կողմը չափազանց քիչ լծակներ ունի իրավիճակի վրա ազդելու համար, ուստի նույնիսկ այդ սուղ հնարավորություններն օգտագործելուց հրաժարումը չնկատել ուղղակի անհնար է։

150 օր՝ 5 ամիս շարունակվում է Բերձորի միջանցքի արգելափակումը։ Հունվարի 9-ից Բաքուն արգելափակել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Հայաստանից Արցախ։ Մարտի 22-ից ամբողջությամբ դադարեցված է գազամատակարարումը։ Հանրապետությունը հայտնվել է էներգետիկ և էկոլոգիական իրական ճգնաժամի մեջ, ինչի մասին արդեն քանի օր շարունակ ահազանգում են Արցախի պետական կառույցները, Հայաստանի փորձագետները, քաղաքագետներն ու հասարակական գործիչները: ՀՀ իշխանություններն այդ առնչությամբ բառացիորեն ծպտուն անգամ չհանեցին։ Չի հնչել ոչ մի հայտարարություն. ո՛չ ՀՀ ԱԳՆ-ի, ոչ ՄԻՊ-ի, ո՛չ էլ ԱԺ պատգամավորների կողմից:

Իսպառ բացակայում է, ինչպես, ի դեպ, բոլոր այս 150 օրերին, որևէ դիվանագիտական աշխատանքը. Հայաստանի ոչ մի դեսպան աշխարհի ոչ մի երկրում չի բարձրացնում Արցախի շրջափակման և նրա բնակիչների ցեղասպանության հարցը: Հայաստանի ոչ մի դեսպան որևէ կազմակերպությունում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, իրավիճակի սրման այս վերջին օրերին չի պահանջում ԿԽՄԿ-ի անխափան աշխատանք և մարդասիրական նվազագույն օգնության, այդ թվում դեղորայքի առաքում հանրապետություն և հիվանդների տեղափոխում: Մինչդեռ դա չի արվում ապրիլի 29-ից. արդեն 2 շաբաթ։ ՀՀ-ում ոչ մի պաշտոնյա մտադիր էլ չէ դիմել Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի այլ կառույցներին՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանությունը կասեցնելու պահանջով։

Եվ եթե անգամ պաշտոնական հաղորդագրություններում պատահում է որևէ հիշատակում Արցախի մասին, ապա հպանցիկ, քանզի Նիկոլի ու իր հանցակիցների անխտիր բոլոր հանդիպումների ու բանակցությունների գլխավոր հարցը ահաբեկիչ պետության հետ հարաբերությունների «կարգավորումն» ու «խաղաղության պայմանագրի» շուտափույթ ստորագրումն է, որի համաձայն Փաշինյանն արդեն պաշտոնապես կհանձնի ՀՀ 120 000 քաղաքացիներին մարդակերների ու բարբարոսների տիրապետությանը։

Խելագարվել կարելի է հենց միայն այն փաստի գիտակցումից, որ Արցախում ցեղասպանություն է տեղի ունենում, իսկ ՀՀ դե ֆակտո իշխանությունները բանակցում են դա իրականացնողների հետ... Ի՞նչ էր պարտավոր անել Հայաստանը, եթե նրա ղեկին լիներ հայ ժողովրդի և հայոց պետության շահերը պաշտպանող ազգային կառավարություն։ Ամեն ինչ շատ պարզ է. պիտի դադարեցներ ցանկացած բանակցություն և հրաժարվեր բոլոր հանդիպումներից, քանի դեռ շարունակվում է Արցախի շրջափակումն ու խեղդումը, պիտի պահանջեր ադրբեջանական անցակետի ապամոնտաժում: Նույն այս օկուպացիոն թուրքական իշխանությունները վազում են համաշխարհային մի մայրաքաղաքից մյուսը, բացահայտ հաճույքով օգնելով թուրքերին սպանել հայկական Արցախը և ձգտելով գոհացնել բոլորին, բացի սեփական ժողովրդից։

Ավելին, էներգետիկ ճգնաժամի խորապատկերին Հայաստանի իշխանությունները հանգիստ ու ցինիկ կերպով շարունակում են գազ մատակարարել Արցախի բռնազավթված տարածքներ։ «ԳԱ»-ն այդ մասին գրել է դեռևս հունվարի վերջին, թեման բարձրացրել են նաև փորձագետներն ու քաղաքագետները, բայց իրավիճակը մնում է անփոփոխ. Փաշինյանի կառավարության մտքով անգամ չի անցնում փակել Շուշի, Հադրութ և Արցախի այլ բնակավայրեր կանոնավոր կերպով մատակարարվող և ելուզակների ու ահաբեկիչների համար կյանքի նորմալ պայմաններ ապահովող գազամատակարարումը, մինչդեռ արցախահայությունն այդ նույն ելուզակների ու ահաբեկիչների ջանքերով զրկված է ամենաանհրաժեշտից։

Գործող իշխանությունները չեն էլ մտորում Նախիջևան թռչող ադրբեջանական ինքնաթիռների համար Հայաստանի երկինքը փակելու մասին, թեև դա Բաքվի վրա ազդելու կամ նման ազդեցության գոնե փորձ ձեռնարկելու այն սակավաթիվ լծակներից մեկն է, որ մնացել են Հայաստանի ձեռքում։ Եվ նույնիսկ հայկական օդանավերի համար Թուրքիայի երկինքը փակելը չմղեց սրանց այդ կարծես թե ինքըստինքյան ենթադրվող քայլին։

Այն մասին, որ տեղեկատվական դաշտում որևէ աշխատանք չի տարվում, խոսելն անգամ ավելորդ է։ Մասնագետները վաղուց են արձանագրում, որ տարածաշրջանում տիրող իրավիճակը համաշխարհային ԶԼՄ-ներում ներկայացված է գրեթե բացառապես ադրբեջանական մեկնաբանությամբ, իսկ հատուկենտ օբյեկտիվ հրապարակումները կամ հեռուստասյուժեները առանձին լրագրողների կամ Սփյուռքի ջանքերի արդյունքն են: Միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների այց կազմակերպելու, Բերձորի միջանցք տանելու, հայկական սահմանի, նույն Տեղ գյուղի աղետալի վիճակը ներկայացնելու մասին Հայաստանի թուրքական բռնազավթման պայմաններում խոսք անգամ լինել չի կարող։

Կան դիվանագիտական, իրավական, տեղեկատվական և բազմաթիվ այլ միջոցներ ու հնարավորություններ, որոնք կարող էին և պետք է կիրառվեին նման պայմաններում, եթե Հայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր դնեին դադարեցնել շրջափակումը, վերականգնել Արցախի գազամատակարարումն ու էներգամատակարարումը, հանել անցակետը և ապահովել արցախցիների անվտանգության և հայրենի հողում ազատ ապրելու իրավունքի երաշխիքները: Բայց Փաշինյանի ռեժիմն ամեն ինչ անում է ճիշտ հակառակը, հետևողականորեն ձգտելով նույն նպատակներին, ինչ որ Բաքուն. հայաթափել Արցախը և վերջնականապես ու ամբողջությամբ հանձնել նրա տարածքն Ադրբեջանին։ Եվ անում է դա նույն միջոցներով, ինչ որ Բաքուն. իրականացնելով ցեղասպանություն։

Հանցավոր երկու ռեժիմների միջև տարբերությունը լոկ այն է, որ Ալիևը գործում է ի նպաստ իր պետության շահերի, իսկ Փաշինյանը՝ ի շահ և ի նպաստ Հայաստանի թշնամիների։ Դրանով իսկ դառնալով և՛ գլխավոր մեղավորը, և՛ գլխավոր պատասխանատուն արդեն ոչ միայն կապիտուլյացիայի և Հայրենիքին դավաճանելու, այլև թուրքերի սկսած, ադրբեջանցիների կողմից շարունակվող և... հայկական ազգանուններ կրող տականքների կողմից ավարտին հասցվող Հայոց ցեղասպանության հերթական փուլի համար։