ԽԱՉԱՏՈՒՐՈՎՆԵՐԻ ԳՈՐԾԸ

Վետերանների նամակը մեծ արձագանք առաջացրեց

2018 թվականի հուլիսի 26-ին ՀՔԾ-ն հարցաքննեց գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին, իսկ սեպտեմբերի 11-ին Սասուն Խաչատրյանի (այն ժամանակ ՀՔԾ պետ) և Արթուր Վանեցյանի (այն ժամանակ ԱԱԾ ղեկավար) հեռախոսազրույցի սկանդալային հրապարակումից հետո քաղաքականացված հանրությանը պարզ դարձան Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու և այնուհետ կալանավորելու իրական պատճառները։

ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐ ՉՏԵՎԵՑ, ԳԵՆԵՐԱԼԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑԻՆ ԳՐԱՎԻ ԴԻՄԱՑ։ Հարցաքննության ժամանակ նրանից փորձել են ցուցմունքներ կորզել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ 2008 թվականի մարտի 1-ին Խաչատուրովը Երևանի պարետն էր։ 2008թ.մարտի 1-ին իշխանության հակասահմանադրական զավթման գործով գեներալն անցնում էր որպես մեղադրյալ: Մեղադրանքը, հիշեցնեմ, ներկայացվել էր պետության Հիմնական օրենքին հակասող հոդվածով:

Խաչատրյանի և Վանեցյանի սկանդալային զրույցի հրապարակումից անմիջապես հետո Տավուշի մարզի նախկին Շամշադին շրջանից նամակ ստացվեց՝ Արցախյան առաջին ազատամարտի 86 վետերանների ստորագրությամբ: Այդ նամակը հասարակական մեծ արձագանք առաջացրեց, ռեժիմը ստուգում ձեռնարկեց բոլոր ստորագրությունների վերաբերյալ և ոչ մի կեղծիք չհայտնաբերեց: Բոլոր 86-ը կռվել են, բոլորը ճանաչվել են վետերան, բոլորն էլ ունեն մեծ թվով պարգևներ: Նամակի հեղինակները պահանջում էին, որ ՀՔԾ պետը ներողություն խնդրի Խաչատուրովից՝ հասցրած վիրավորանքների համար:

Մենք արդեն ներկայացրել ենք այդ փաստաթուղթը, ուստի այսօր կսահմանափակվենք հիշեցումով, թե ինչպես դեռևս անցած դարի 90-ական թվականներին, երբ սահմանի ողջ երկայնքով Շամշադինում մարտական գործողություններ էին ընթանում, Մոսկվայից եկավ գեներալ Խաչատուրովը և մոտոհրաձգային գունդ կազմավորեց։ Հետագայում նրան հանձնարարվեց Շամշադինի ողջ շրջանի պաշտպանությունը։ Եվ այն, որ Յուրի Խաչատուրովի որդին՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը որոշեց չնահանջել, պաշտպանելով իր հոր պահած հողը, ամենևին զարմանալի չէ։

Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը զուտ քաղաքական նպատակներ էր հետապնդում

Այն մասին, որ Փաշինյանը կալանավորել է Իլհամ Ալիևի անձնական թշնամիներին, մենք նախազգուշացրել էինք նախքան փաստաբան Միհրան Պողոսյանի հայտարարությունը, որից հետևում է, որ Գ.Խաչատուրովին շինծու մեղադրանքով կալանավորել են, որպեսզի վերացնեն Տավուշի գյուղերի հանձնման խոչընդոտը։ Փաստաբանը հայտնեց, որ 2020 թվականի դեկտեմբերին Տավուշում Խաչատուրովը հայտարարել է, որ իր հրամանատարությամբ 3-րդ բանակային կորպուսը ոչ մի քայլ չի նահանջի:

Հիշեցնեմ, ի դեպ, որ Տավուշում Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանի երկարատև կալանքը պայմանավորված էր ոչ թե 2-3 մետր քարքարոտ համայնքային հողի պատահական յուրացմամբ, այլ նրանով, որ քաղաքապետի պաշտոնում Մանուչարյանը հայտարարեց, որ մտադիր չէ հայկական հողի մի մետր անգամ տալ ադրբեջանցիներին: Այդ հանգամանքը բազմիցս նշվել է նրա կալանավորման իրական պատճառների մասին «Գոլոս»-ի հրապարակումներում։

Ի տարբերություն Մանուչարյանի, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ու իր պատգամավոր եղբայր Վահե Ղալումյանը բազմիցս հնչեցրել են հայտարարություններ, որոնցից հետևում է, որ իրենք դեմ չեն կատարել, այսպես կոչված, անկլավների վերադարձի ցուցանակի տակ հայկական տարածքները հանձնելու Նիկոլի հրամանը։ «Ազատություն» ռադիոկայանին ռեժիմի պարագլխի տված հարցազրույցը՝ Տավուշի սահմանամերձ գյուղերն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության մասին, դավաճանության քաղաքականության տրամաբանական շարունակությունն էր։ Ալիևը պահանջում է իրեն վերադարձնել այսպես կոչված 8 անկլավները, հրաժարվելով ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

2021 թվականի մայիսի 12-ին սկսված սողացող բռնազավթումից հետո և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի արդյունքներով ադրբեջանցիների վերահսկողության տակ է հայտնվել հայկական տարածքների մի մասը։ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանն էլ հայկական գյուղեր է բռնազավթել, և ինքը պատրաստ է փոխանակել դրանք այսպես կոչված անկլավների հետ, այսինքն՝ պատրաստ է փոխանակել հայկական տարածքները հայկական տարածքների հետ։ Ադրբեջանը, ինչպես հայտնի է, հայտարարել է, որ ինքը Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդը չէ, իսկ դա նշանակում է՝ որևէ «անկլավների» մասին խոսք անգամ լինել չի կարող։

Հայկական գյուղերը հանձնելու պատրաստակամության մասին հայտարարությունից հետո Փաշինյանն անպայման կասի, թե այդ տարածքները մեզ պետք չեն, քանի որ Տավուշից վերջին տարիներին բնակչության զգալի արտահոսք է նկատվում։ Օրինակ, սահմանամերձ Մովսես գյուղից (Բերդ համայնք) տասնյակ ընտանիքներ վերջին տարիներին հաստատվել են Մոսկվայում, որտեղ զբաղվում են բիզնեսով։ Սահմանամերձ Ոսկեպար գյուղից (Նոյեմբերյան համայնք) տասնյակ ընտանիքներ բնակություն են հաստատել Ռուսաստանի Ստառի Օսկոլ քաղաքում, իսկ նույն համայնքի սահմանամերձ Բարեկամավան գյուղից շատերը տեղափոխվել են Ստավրոպոլ:

Տավուշից չի դադարում նաև ներքին արտագաղթը, մարդիկ ընտանիքներով տեղափոխվում են Երևան, փոքր ու սահմանամերձ գյուղերը սրընթաց դատարկվում են։ Փաշինյանի մտերիմ ընկեր մարզպետի օրոք մարզում 5 տարվա ընթացքում նոր աշխատատեղեր չեն ավելացել։

Գրիգորի Խաչատուրովը Հաղթանակի վերջին գեներալն է

2021 թվականին նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Գրիգորի Խաչատուրովին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին:

Մենք հանգամանորեն անդրադարձել ենք այդ պատմությանը, մատնանշելով Արշակ Կարապետյանի և Վաղարշակ Հարությունյանի առնչությունը Խաչատուրովի պաշտոնանկության գործին: 2008-ին Կարապետյանը Յուրի Խաչատուրովի տեղակալն էր, երբ նա զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը: Հայտնի է, որ Կարապետյանին բանակում վերականգնել են Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալու համար, իսկ Հարությունյանը դուրս բերեց հայկական ստորաբաժանումները Սանասարից ու Կովսականից:

Գրիգորի Խաչատուրովն այն գեներալներից մեկն է, որոնք ոչ մի քայլ չեն նահանջել Փաշինյանի հրաժարականի պահանջից, գործարքի չեն գնացել իշխանության հետ և Տավուշի հողի մի մետր անգամ չէր զիջի, հենց այդ պատճառով էլ նա այսօր կալանքի տակ է։ Փաշինյանը հեռացրեց նրան ճանապարհից ՝ որպես խոչընդոտ Ալիևի ծրագրերի իրականացման համար։ Նույն պատճառով է կալանավորված նաև Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյանը:

Իգոր Խաչատուրով. «Թշնամին ծնկի կգա»

2022 թ. մայիսի 17-ին «Դիմադրություն» շարժման ակցիաների ժամանակ բերման ենթարկվեց, իսկ այնուհետ կալանավորվեց Յուրի Խաչատուրովի կրտսեր որդին՝ Իգորը: Նրան մեղադրանք ներկայացրեցին ոստիկանության օրինական պահանջը չկատարելու և ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու համար:

Դատավարության ժամանակ Իգոր Խաչատուրովն ասաց. «Ով զադնի դնի՝ Նիկոլ ա, թշնամին ծնկի կգա»։ Իգոր Խաչատուրովը 44-օրյա պատերազմի մասնակից է։ Նրա կալանավորումը մտավ պատմության մեջ՝ որպես օրինականության աննախադեպ խախտման նմուշ։ Փաստաբանին չեն ծանուցել դատական նիստի մասին, այն անցկացրել են խստագույն գաղտնիության պայմաններում՝ ստալինյան տրոյկաների դատարանի օրինակով։ Գիշերը արտակարգ ռեժիմով դատավոր են նշանակել, նիստ հրավիրել, որն էլ կայացրել է կալանավորման որոշումը։ Ավելի ուշ Իգոր Խաչատուրովն ազատ արձակվեց։

Խաչատուրովների գործը Հաղթանակի գեներալների դեմ Փաշինյանի պայքարի շարունակությունն է։ Գրիգորի Խաչատուրովը Հաղթանակի վերջին գեներալն է: 2020 թվականի ամռանը Տավուշի դեպքերի ժամանակ հայկական զինված ուժերի հաղթանակից հետո եղել են միայն պարտություններ… 2021 թվականի գարնանը գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը կարծիք հայտնեց, որ Տավուշի ճակատագիրը կախված է ժողովրդի թիկունքում Փաշինյանի կնքած բանավոր պայմանավորվածություններից։ «Ազատություն» ռադիոկայանին իր՝ Փաշինյանի տված հարցազրույցից հետո գաղտնին դարձավ ակնհայտ…