«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Սոթք և Կութ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Գառնիկ Դանիելյանը, Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանը, Արգիշտի Գևորգյանը և Արման Ղազարյանը տեղում իրավիճակին ծանոթանալու և քաղաքացիների հետ զրուցելու նպատակով այցելել են Գեղարքունիքի մարզ, եղել Սոթք և Կութ համայնքներում: Այս մասին հայտնում են խմբակցության ֆեյսբուքյան էջում:
Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնեց, որ այժմ էլ կրակոցների ձայներ են լսվում:
Նա նշեց, որ դեպի Սոթք եկող գլխավոր ճանապարհին ռազմական ոստիկանությունը վերահսկողություն է սահմանել, և լրագրողներին ու ԱԺ պատգամավորներին արգելում է այդ ճանապարհով գնալ. «Մենք այլ ճանապարհով կարողացանք Սոթք հասնել»:
Պատգամավոր Ասպրամ Կրպեյանն իրավիճակի վերաբերյալ ասաց, որ Սոթքում և Կութում բնակիչները չեն տարհանվել, դպրոցներն ու պարտեզները հեռավար կարգով են դասապրոցեսն ապահովել. «Մարդիկ պարզապես սպասում են, որ պիտի մեր երկրում իշխանության ղեկը ստանձնածները իրենց գործառույթներն իրականացնեն: Մենք այստեղ ենք, և չտեսանք մեր քաղաքացիների հետ տարվող աշխատանքներ, որպեսզի արդեն ինքնապաշտպանության պատրաստ հայ մարդիկ կարողանան իրենց արժանապատիվ դիմադրությունը ցուցաբերել»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր: