Ադրբեջանում հայերի կամայական սպանություններն աճել են. Սահակյանը տվյալներ հայտնեց
Ադրբեջանում հայերի նկատմամբ արտադատական, կամայական սպանությունների թիվն աճել է։ Այս մասին ասուլիսում ասաց Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը` ներկայացնելով Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի հետ համատեղ ստեղծած զեկույցը։
«2022 թվականի պատերազմի շրջանակում մենք 33 գերեվարման դեպք էինք արձանագրել և փաստահավաք առաքելությամբ կարողացել ենք ապացուցել 14 անձի արտադատական, կամայական սպանություն ադրբեջանական զինծառայողների կողմից։ Ստացվում է, որ մոտ 40 տոկոսը սպանվել է։ Այսինքն` գերեվարված անձանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու ավելի մեծ դեպքեր են արձանագրվել, եթե համեմատենք 2020 թվականի պատերազմի հետ։ Սա խոսում է անպատժելիության մասին»,– ասաց Սիրանուշ Սահակյանը։
Հիշեցնենք` Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։
Sputnik Արմենիա