Թաթոյան․ Բաքուն Google-ի քարտեզում տեղանուններ է փոխում՝ ստեղծելով կարծրատիպ, թե Հայաստանը իրենց տարածքն է
Մենք ներկայացրել ենք մեր նոր հատուկ զեկույցը, որտեղ ցույց ենք տվել Ադրբեջանի թշնամանքի քաղաքականությունը, ապացույցները, նաև կապը Ադրբեջանի հայատյաց քաղաքականության և այն վայրագությունների միջև, որ տեղի են ունենում. հատկապես շեշտադրումն արել ենք 2022-ի սեպտեմբերի 13-14-ի հարձակումների վրա: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, մամուլի ասուլիսում նշեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հավելելով, որ զեկույցը մշակել են Սիրանուշ Սահակյանի հետ համատեղ:
«Այս զեկույցը ցույց է տալիս, որ Ադրբեջանի իշխանությունները չունեն խաղաղության որևէ մտադրություն: Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը երկու նպատակ ունի. առաջինը դա իրենց ներքին քաղաքական գործիքն է, որով ստեղծել են արտաքին թշնամու կերպարը՝ ներքին խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար: Հայատյացությունը սեփական պաշտոններն ամրացնելու միջոց են: Երկրորդը, նրանք նպատակային փորձում են թշնամանքի մեջ պահել երկու ժողովուրդներին ամբողջ աշխարհում:
Երբ մենք ուսումնասիրում ենք վայրագությունների, խոշտանգումների տեսանյութերը, ակնհայտ է դառնում, որ նրանք ոգեշնչված են Ադրբեջանի իշխանությունների բառերով և անգամ խոշտանգելիս օգտագործում են նույն բառերը»,-ասաց Թաթոյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանի իշխանությունների կողմից ավելացել են հայկական Սփյուռքին թիրախավորելու շեշտադրումները:
Թաթոյանն ընդգծեց, որ այս ապացույցները ցույց են տալիս, որ Արցախի և Հայաստանի միջև չկա տարանջատում, Ադրբեջանի նպատակը, թիրախը առհասարակ հայկականությունն է. «Եթե նրանք անգամ մի պահ որոշում են առանձնանցնել Արցախը, դա չի նշանակում, որ Հայաստանը թիրախի տակ չեն պահում:
Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են ամեն հնարավորություն, այդ թվում ժամանակակից տեխնոլոգիաները: Օրինակ, Google քարտեզներում կազմակերպված ձևով փոխում են Հայաստանի աշխարհագրական տեղանունները: Մենք Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի մեր գործընկերների աջակցությամբ բավականին վերացրեցինք Սյունիքի մարզում ադրբեջանական տեղանունները: Սա ևս օկուպացիայի օրինակ է, փորձում են դրանով կարծրատիպ ձևավորել, որ Հայաստանը նույնպես ադրբեջանական պատմական հողեր են: Վերջին նարատիվներից է, որ հայ ժողովուրդը քոչվոր է և Հարավային Կովկասում հայտնվել է 19-րդ դարում: Սա ագրեսիվ ձևով տարածվում է իրենց քաղաքացիների շրջանում»,-հայտարարեց Թաթոյանը:
News.am