ՔԿ-ն վարույթ է հարուցել Ադրբեջանի ԶՈւ հարձակման ու հայ զինծառայողների վիրավորվելու գործով
Ադրբեջանի զինված ուժերի վերջին հանցավոր գործողությունների փաստով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
«Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող ՀՀ ՊՆ ԶՈւ N զորամասի զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, կիրառել են մարտական ԱԹՍ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Անօդաչու թռչող սարքի հարվածից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի երկու զինծառայողներ: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր:
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 44 -155-րդ հոդվածի (սպանության հանցափորձ) 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 15-րդ կետերով:
Դեպքի վայր է մեկնել քննչական խումբը: Կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների հանցավոր գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։
Sputnik Արմենիա