Հունգարիայի հետ հարաբերությունները վերականգնվել են
Մայիսի 12-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունգարիայի Հանրապետության դեսպան Աննա Մարիա Շիկոյին (նստավայրը՝ ք. Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
ՀՀ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելությունում։ Զրուցակիցները քննարկել են հայ-հունգարական երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հնարավոր ուղիները, կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն հինգ ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգություններին։ Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման իրականացման կարևորությունը»,- նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցրել էր 2012 թվականին, երբ այդ երկիրը Ադրբեջանին արտահանձնեց 2004-ին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին, որն Ադրբեջան վերադառնալուց անմիջապես հետո հայտնվեց ազատության մեջ և պետական պարգևների արժանացավ։
Ավելի ուշ՝ 2013-ին արդեն Երևանը հայտարարում էր, որ պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հունգարիայի հետ, եթե Բուդապեշտն ինքը քայլեր ձեռնարկի:
Բուդապեշտի ու Երևանի հարաբերություններում սառույցն արդեն սկսել էր հալվել վերջին 2 տարիներին։ Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերի էր վերադարձել տուն, նրանց ուղեկցել էր այդ երկրի արտաքին գործերի պետքարտուղար Պետեր Շտարայը, իսկ Հայաստանի արտգործնախարարությունը բարձր էր գնահատել հունգարական իշխանությունների մարդասիրական քայլը։
2022-ի փետրվարին Հունգարիայից Հայաստան պատվիրակություն էր եկել, որ այցելել էր Երևանում Գուրգեն Մարգարյանի անվան դպրոց, այնտեղ հուշագիր էր ստորագրել Բուդապեշտի հիմնական էկումենիկ դպրոցներից մեկի հետ:
News.am