Ատոմ ՄԱՐԳԱՐՅԱՆ․ «ԴԱՍԱԼԻՔԱՅԻՆ» ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ, ԿԱՍԿԱԾԵԼԻ ՓՈՂԵՐ

Տնտեսական այս կամ այն ցուցանիշներով հանրությանը ներկայանալը մեծ սխրագործություն չէ, շատ ավելի կարևոր է, թե այդ թվերի տակ իրականում ինչ արժեք կա, և որքանով են այդ թվերն ազդել ՀՀ շարքային քաղաքացու կենսամակարդակի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Ատոմ Մարգարյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

Օրեր առաջ Չեխիայում հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանն ասել էր, թե 2017 թվականի համեմատ ՀՀ պետական բյուջեն ավելացել է 2 միլիարդ դոլարով։ Ավելի վաղ կառավարության նիստում վարչապետը հայտարարել էր, որ 2018թ. համեմատ («թավշյա հեղափոխությունից հետո». խմբ) բյուջեի մուտքերն ավելացել են 1,5 միլիարդով։

«Ամբողջ հարցն այն է, թե դրանց տակ որքան ավելացված արժեք կա, որքանով են այդ հավելյալ հոսքերը բարձրտեխնոլոգիական և եկամտաբեր, և դրանց արդյունքում որքան աշխատատեղեր են ստեղծվել։ Ընդհանրապես, եթե աճը չենք կշռում զբաղվածության և կենսամակարդակի, կյանքի որակի փոփոխություններով, ապա անիմաստ է նման զրույցներ անելը»,– ասաց տնտեսագետը։

Մարգարյանի խոսքով` կառավարության ղեկավարի հայտարարած ցուցանիշները նկատելի չեն ոչ միայն ՀՀ շարքային քաղաքացինեի կյանքում, այլև Հայաստանի պաշտպանական, անվտանգային ոլորտում։

«Եթե բյուջեն ավելացել է, որքանո՞վ է պաշտպանական համակարգը ավելացրել իր պոտենցիալը։ Մենք դա չենք տեսնում։ Խոցելի են մեր սահմանները, խեղճացած է մեր երկիրը, հասարակությունը։ Սա է փաստը։ Էլ չեմ խոսում բնակչության մի մեծ հատվածի կենսամակարդակի զգալի անկման մասին»,– նշեց մասնագետը` հիշեցնելով վերջին 1 տարում գրանցված ահռելի գնաճի մասին։

Մարգարյանը չհերքեց` հարկային եկամուտների աճ պաշտոնական վիճակագրությունն իսկապես արձանագրում է։ Նույն վիճակագրությունը, սակայն, միաժամանակ նաև բացահայտում է, որ ՀՀ տնտեսության հիմնական շարժիչ ուժերը մնում են ծառայությունների ոլորտը, հանքարդյունաբերությունը` ի հաշիվ համաշխարհային գների աճի, և ստվերի որոշակի կրճատումը։

Հարկային մուտքերի ավելացումը ևս, նրա դիտարկմամբ, պայմանավորված է մի քանի հիմնական գործոններով։ Նախ` 2018-ից հետո ՀՀ խոշոր հարկատուների մի մասը դուրս են եկել ստվերից, որոշ բիզնեսներ անջատվել են իշխանությունից ու սկսել են հարկեր վճարել։

Երկրորդ տեղում գնաճն է` ինչպես համաշխարհային, այնպես էլ ներհայաստանյան։

Երրորդ գործոնը, որը նպաստել է հարկային եկամուտների ավելացմանը, 2022-ից սկսված դոլարի փոխարժեքի անկումն է, որի արդյունքում հայաստանյան հարկային մուտքերը հատկապես դոլարային արտահայտմամբ ավելի են մեծացել։

Մեկ այլ կարևոր գործոն է նաև ռուս–ուկրաինական կոնֆլիկտով պայմանավորված կապիտալի ու աշխատուժի ներհոսքը կամ, ինչպես Մարգարյանն է բնորոշում, ՀՀ տնտեսության կատարված «դասալիքային» ներդրումները։

«Ուղղակի պետք է անկեղծ լինել։ Այդ մարդկանց մեծ մասը պարզապես դասալիքներ են, փախել են զինծառայությունից, եկել են Հայաստան, իրենց փողերով բիզնեսներ են հիմնել, որովհետև այդպիսի գործարար ակտիվություն են ունեցել։ Եվ դա, ըստ էության, հանգեցրել է բավական մեծ ծավալի ֆինանսական ներհոսքի»,– ասաց տնտեսագետը։

Հայաստանյան հարկային եկամուտների ավելացման ևս մեկ գործոն է, նրա խոսքով, ՀՀ տարածքում դեպի Ռուսաստան վերաարտահանումների կտրուկ աճը։

Եվ վերջին գործոնը, ըստ տնտեսագետի, խաղային բիզնեսն է։

«Սա, կարելի է ասել, այս կառավարության համար ամենատիպականն է, հատկապես օֆշորային, կասկածելի ծագումնաբանությամբ փողերի տեսանկյունից։ Դրանք, այսպես ասենք, շրջանառվում ու լվացվում են հայաստանյան շուկայում»,– նշեց Մարգարյանը։

Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա մասնագետը կառավարության ղեկավարի հրապարակված թվերը ևս կապում է Ռուսաստանից Հայաստան տեղափոխվածների հետ` միաժամանակ զգուշացնելով, որ դա ժամանակավոր երևույթ է։ Վաղ թե ուշ նրանք հեռանալու են` իրենց հետո «տանելով» նաև այդ աշխատատեղերը, և անկումը շատ ցավոտ է լինելու։

Հիշեցնենք` պաշտոնական վիճակագրության համաձայն` 2022 թվականի դեկտեմբերին Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի պատմական ամենաբարձր ցուցանիշը` 704 000 աշխատատեղ։

2022 թվականին Հայաստանում գործազրկությունը կազմել է 13 տոկոս, ինչը վերջին տասնամյակի համար էականորեն ցածր ցուցանիշ է:

Sputnik Արմենիա