Մահացել է հայտնի լրագրող Էդուարդ Սագալաևը

76 տարեկան հասկաում մահացել է ՌԴ Հեռուստառադիոհեռարձակողների ազգային ասոցիացիայի նախագահ Էդուարդ Սագալաևը: Տեղեկությունը հայտնում է  ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ОРТ -ի գլխավոր տնօրեն Վիտալի Իգնատենկոյին։

«Այո՛, նա այսօր մահացել է։ Հանկարծամահ է եղել», - ասել է գործակալության զրուցակիցը։

Էդուարդ Սագալաևը TV -6 հեռուստաալիքի հիմնադիրներից է (հեռուստաալիքը աշխատել է 1993-ից 2002 թվականներին), Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ, ՌԴ վաստակավոր լրագրող, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր:

Սագալաևը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 3-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։

1967 թվականին ավարտել է Սամարղանդի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, հեռուստատեսություն է եկել 1975 թվականին։ 1991 թվականին դարձել է ԽՍՀՄ ժուռնալիստների միության նախագահ։

1991-ի դեկտեմբերից մինչև 1992-ի հուլիսը լրագրողն աշխատել է որպես Ռուսաստանի Պետական հեռուստատեսային և ռադիոհեռարձակող «Օստանկինո» ընկերության նախագահի առաջին տեղակալ և գլխավոր տնօրեն:

Սագալաևը զբաղեցրել է Հեռուստառադիոհեռարձակողների ազգային ասոցիացիայի նախագահի պաշտոնը 1995 թվականից։

Sputnik Արմենիա