ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ․ «Միջանցքային տրամաբանության» մասին չի խոսվել
Այս անգամ, այսպես կոչված, «միջանցքային տրամաբանության» մասին չի հնչել ընդհանրապես, ինչը նշանակում է, որ մեր գործընկերները չեն օգտագործում այդ եզրույթը։ Լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը`անդրադառնալով Փաշինյան–Ալիև–Միշել եռակողմ հանդիպմանը։
«Դա արդեն ակնհայտ էր, թե ինչ դիրքորոշում ունեն միջնորդները»,– նշեց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ ժամկետներում պետք է իրագործվի ճանապարհների և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը` Հովհաննիսյանը նշեց` այստեղ կարմիր գծեր կան, մասնավորապես, երկաթուղին պետք է գործի միայն ՀՀ օրենսդրության իրավասության տակ։
«Այդ հարցի առնչությամբ ստույգ երաշխիքներ ստանալուց հետո նոր կարող ենք խոսել շինարարական և այլ աշխատանքների մասին»,– հավելեց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 14–ին Բրյուսելում կայացած Փաշինյան–Ալիև–Միշել եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքների մասին հարցեր։
Sputnik Արմենիա