ՉԺՀ ՊՆ-ն պատասխանել է Ռուսաստանի և Չինաստանի ռազմական դաշինքի մասին ԱՄՆ հայտարարություններին
Նրանք, ովքեր ռուս-չինական հարաբերությունների մասին դատում են սառը պատերազմի մտածողությանը հետևելով, չեն կարող ճիշտ դատողություններ անել։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Թան Քեֆեյը՝ մեկնաբանելով ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նախագահ Մարկ Միլիի հայտարարությունը Ռուսաստանի և Չինաստանի «ռազմական դաշինքի» մասին:
«Ուրիշներին իրենց արշինով չափողների ուղերձն ու փաստարկները բխում են սառը պատերազմի ժամանակների սահմանափակ ու հնացած մտածողությունից։ Նրանք սխալ են գնահատում ռուս-չինական հարաբերությունները և չեն կարող ճիշտ դատել»,-ասել է Քեֆեյը։
Նա նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների ռազմավարական ղեկավարությամբ երկրները ճանապարհ են հարթել խոշոր տերությունների փոխվստահության և բարիդրացիության համար, ստեղծել են միջազգային հարաբերությունների նոր տիպի մոդել:
«Նոր դարաշրջանում Չինաստանի և Ռուսաստանի միջև համապարփակ համագործակցության և գործընկերության հարաբերությունների զարգացումը, երկու երկրների զինվորականների միջև փոխանակումների և համագործակցության խորացումը ոչ միայն համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին, այլև նպաստում է միջազգային արդարության պաշտպանությանը, ինչպես նաև համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանմանը»,-նշել է նա։
Ավելի վաղ Միլին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է Ռուսաստանի և Չինաստանի ռազմավարական ռազմական դաշինքին խանգարելու համար: Միլին խոստովանել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի և Պեկինի մերձեցման ապացույցներ է տեսնում և մտադիր է թույլ չտալ ԱՄՆ-ի դեմ աշխարհառազմավարական, քաղաքական և ռազմական միություն։
News.am