Ռուստամյան․ ՀԱՊԿ-ից քաղաքական գնահատական պահանջելը նախապայման դարձնելը սխալ էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանական զորքերը երբ Հայաստանի տարածք ներխուժեցին, ՀԱՊԿ–ը պատրաստ էր համապատասխան քայլեր ձեռնարկել և սպասում էր Հայաստանի արձագանքին. Հայաստանը քաղաքական գնահատական պահանջեց Ադրբեջանի գործողություններին` դա դարձնելով նախապայման ՀԱՊԿ–ի համար։ Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

 


Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Ռուսաստանը և ՀԱՊԿ–ը չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները Հայաստանի հանդեպ, Ռուստամյանը նշեց, որ նրանք չեն կարող լինել ավելի հայ, քան մենք. «Միջնորդի դերում հանդես եկեղ ՀԱՊԿ–ը կամ Ռուսաստանը չեն կարող ոչինչ անել, եթե Հայաստանն իր իրավունքները չի պաշտպանում, եթե դու գնում ասում ես՝ ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հիմա էլ արդեն թվերով ենք արձանագրում: Միջնորդը ո՞նց պետք է պաշտպանի այն հարցը, որ այդ տարածքային ամբողջականության մեջ չպետք է լինի Ղարաբաղը:

Հայաստանի տարածք ներխուժման ժամանակ էլ ՀԱՊԿ-ն ասել է՝ ես պատրաստ եմ իմ բոլոր միջոցներով ներկա գտնվել, սպասում ենք Հայաստանի արձագանքին: Հայաստանն էլ արձագանքում է այնպես, որ ՀԱՊԿ գոյություն չունի: Քաղաքական գնահատական պահանջելը նախապայման դարձնելը շատ սխալ է: Նախ դու պետք է քո անվտանգությունն ապահովելու քայլերն ապահովես: Պարզ չի՞, որ ՀԱՊԿ–ում կան երկրներ, որոնք կարող են դրան դեմ լինել։ Այդ կառույցը կոնսենսուսային եղանակով է գործում, մի՞թե դա նորություն էր Հայաստանի համար։ Այն երկրները, որ դեմ են, թույլ չեն տալիս, որ այդ քաղաքական գնահատականը հնչի»,–ասաց Ռուստամյանը։

Նա կոչ արեց դուրս գալ բոլորին մեղադրելու մոտեցումից. «Մենք պետք է հասկանանք, թե մեր անելիքը որն է: Եթե մենք չփորձենք մեզ պաշտպանել, ոչ ոք մեզ չի պաշտպանելու: Մենք մեզ ներսից ու դրսից թուլացրել ենք, հիմա էլ հայտարարում ենք, որ ոչ ոք մեր կողքը չի կանգնած: Եթե դու այդպիսի հայտարարություն ես անում, քո ֆիասկոն ես արձանագրում: Բա ԱԳՆ-ն ինչի՞ համար է, եթե պետք է հայտարարես, որ ոչ ոք քո կողքը կանգնած չէ»:

News.am