Դատախազությունն ուսումնասիրում է ՀՀ «ուղարկվելիք» ռեկորդային քանակի թմրանյութի վերաբերյալ հրապարակումները

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ենթադրաբար Հայաստան տեղափոխվող ռեկորդային քանակի՝ 2.7 տոննա կոկաինն Իտալիայի իրավասու մարմինների կողմից առգրավելու վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները։

Հաշվի առնելով ՀՀ իրավապահ մարմինների կողմից Հանրապետությունում հանցագործությունների նախականխման և կանխման գործառույթը, NEWS.am-ը դատախազությունից հետաքրքրվել էր՝ արդյոք համագործակցու՞մ են Իտալիայի իրավասու մարմինների հետ՝ ռեկորդային քանակի թմրանյութերը ենթադրաբար Հայաստան ներմուծողններին հայտնաբերելու, ինչպես նաև թմրաբիզնեսին առնչվող գործարքին ՀՀ քաղաքացիների հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ։

«Դատախազությունը ուսումնասիրում է թեմայի վերաբերյալ մամուլում առկա հրապարակումները»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նշենք, որ ռեկորդային քանակի կոկաինն առգրավվել է Իտալիայի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում՝ թմրանյութերի միջազգային շրջանառության դեմ պայքարի շրջանակներում։ Ըստ ANSA գործակալության տարածած հաղորդագրության՝ թմրանյութի փաթեթները թաքցված են եղել Էկվադորից ժամանած երկու բեռնարկղերում, որոնցով տեղափոխվում էր 78 տոննա բանան: Կոկաինը նախատեսված էր Վրաստանի Բաթումիի նավահանգստով Հայաստան ուղարկելու համար: Ըստ նույն աղբյուրի՝ առգրավված թմրանյութը եղել է «չափազանց բարձր որակի և հիանալի պահպանված վիճակում» և թմրավաճառներին ավելի քան 800 մլն եվրոյի եկամուտ կապահովեր։

Նշենք, որ միջազգային զեկույցների համաձայն՝ Հայաստանը համարվում է ապօրինի թմրանյութերի շրջանառության առումով տարանցիկ երկիր, որի միջոցով Աֆղանստանից, Իրանից և այլ երկրներից թմրանյութերը տեղափոխվում են Եվրոպա և Ռուսաստան: