«ՈՒԶՈՒՄ ԵՔ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ՝ ԳՆԴԱԿԱՀԱՐԵ՛Ք, ԵՍ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ»

«Դավաճանության փաթեթավորում». ինչպե՞ս և ե՞րբ ներկայացնել «լուծումները»

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հետագա բոլոր քայլերը ուղիղ կապով համաձայնեցվել են Փաշինյանի և Ալիևի կողմից՝ ժողովրդի թիկունքում։ Ընդ որում Նիկոլն ամեն անգամ զարմացած է ձևանում, օրինակ՝ Գորիս - Կապան ճանապարհահատվածի հանձնման, 2021 թվականի նոյեմբերի 16-ի դիրքային պատերազմի, Բերձորի սկզբնական հատվածում անցակետի տեղադրման առիթով... Մենք բազմիցս մատնանշել ենք, թե ինչպես են աշխատում ժողովրդի թիկունքում Փաշինյանի և Ալիևի բանավոր պայմանավորվածությունները։ Պրակտիկան սկսվել է Դուշանբեի վերելակում բանակցություններից և շարունակվում է արդեն 5 տարի:

Վերոնշյալ բանակցություններից անմիջապես հետո Նախիջևանի հատվածում տեղի ունեցած վերաձևումների մասին տեղեկացրել ենք բազմիցս, այնուհետ մեջբերել ենք «բանավոր ընկալման» վրա հիմնված բոլոր որոշումները, այսօր խոսենք ընթացիկ պահի մասին, բայց նախ՝ մեջբերում: «Բոլոր սկզբունքային որոշումներն արդեն ընդունված են, քաղաքականություն որպես այդպիսին չկա, կան տեխնոլոգիաներ, որոնք նախորոշում են, թե ինչ կերպ, որ ժամկետներում, ինչ և որ պահին ներկայացնել հանրությանը Հայաստանում, Ադրբեջանում և առաջին հերթին Ղարաբաղում։ Կա երկու խնդիր. ինչպես և երբ ներկայացնել «լուծումները», որոնց մասին ես նույնիսկ վախենում եմ բարձրաձայն խոսել»,- օրերս հայտարարեց դիվանագետ և նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը (չշփոթել «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավորի հետ)։

Դիվանագետը բաց տեքստով հասկացնել տվեց, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները Վաշինգտոնում, մայիսի 14-ին Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Բրյուսելում, մայիսի 19-ին արտգործնախարարների հնարավոր հանդիպումը Մոսկվայում և հունիսի 1-ին Քիշնևում Փաշինյանի և Ալիևի ծրագրված հանդիպումը դժվար թե ինչ-որ բան ավելացնեն արդեն համաձայնեցված որոշումներին։ Նրանում, որ այդ որոշումները կրում են բացահայտ ադրբեջանամետ բնույթ և հաշվի չեն առնում հայ ժողովրդի շահերը, կասկած չկա և չի կարող լինել։ Կապիտուլյացիա-2-ը Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքն է, որի դրսևորումը մենք տեսանք հոկտեմբերի 6-ին Պրահայում

Կապիտուլյանտն այլևս չի ցանկանում թաքնվել բունկերում

Մեր հրապարակումներում բազմիցս անդրադարձել ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի հրապարակմանը հաջորդած իրադարձություններից խուսափելու ռեժիմի պարագլխի փորձերին։ Կապիտուլյանտն այլևս չի ցանկանում թաքնվել ՊՆ բունկերում։ Նա գիտակցում է, որ բողոքի ակցիաները, որոնք հաջորդելու են կապիտուլյացիա-2-ի ստորագրմանը, լինելու են ավելի զանգվածային, քան 44-օրյա պատերազմից հետո, երբ ժողովուրդը դեռ սգի մեջ էր։

Եթե փաստաթուղթը ստորագրվի հունիսի 1-ին Քիշնեվում (Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ուրախ կլինի, եթե դա տեղի ունենա իր ծննդյան օրը), ապա զանգվածները կարող են դուրս գալ փողոց և ռեժիմի վերջը տալ հաշված օրերի ընթացքում։ Ռեժիմի պարագլուխը նախազգուշացրել է, որ խաղաղության մասին փաստաթուղթը դուր չի գա ժողովրդին։

Համաժողովրդական բողոք թույլ չտալու նպատակով՝ «Խաղաղության և պետությունների փոխհարաբերությունների մասին համաձայնագրի ստորագրում» անվանումով շոուին մասնակցում են Միշելը, Մակրոնը, Շոլցը, Բլինքենը, Սալիվանը: Այդ պարոնայք վաղուց տեղյակ են, որ համաձայնագրի բովանդակությունը համաձայնեցված է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կողմից՝ Ալիևի 5 սկզբունքների հիման վրա կազմված տեքստի վրա աշխատելու միջոցով, այլ անձամբ Ալիևի և Փաշինյանի ուղիղ կապով։ Մնում է միայն, ինչպես նախազգուշացրեց դիվանագետը, մատուցել, «փաթեթավորել դավաճանությունը»: Ի դեպ, Մակրոնը Բրյուսել չմեկնեց, ինչը պետք է համարել Ալիևի պայմանների կատարում

Խոշոր դերակատարները շահագրգռված են

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին հնարավորություն չտրվեց ծանոթանալ բանակցային փաստաթղթերին նույնիսկ Արարատ Միրզոյանի խոստումից հետո: Արևմուտքը շահագրգռված է, որ համաձայնագիրը ստորագրվի ԱՄՆ-ի և Եվրոպայի հովանու ներքո, վաշինգտոնյան մարզկոմը ձգտում է ցույց տալ աշխարհին, թե ինչպես Ադրբեջանը կստանա ՀԱՊԿ անդամ պետության մասնատման օրինական իրավունք: Արևմուտքը շահագրգռված է, որ ստորագրմանը չհաջորդի համաժողովրդական զայրույթի պայթյուն։

Այն մասին, որ Փաշինյանը վախենում է իրադարձությունների այդպիսի զարգացումից, վկայում է նրա արձագանքը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տասնյակ հազարավոր մարդկանց հանրահավաքին: Ակնհայտ է, որ հանրահավաքի հերոսը նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն էր, որը պաշտոնանկ արվեց Ալիևի ուղիղ պահանջով։

Շուշիի ազատագրման տարեդարձին նվիրված ակցիայի մասնակիցներն արձագանքում էին նրա բոլոր կոչերին, և վստահության այս ցուցադրումը կատաղեցրեց Փաշինյանին. չէ՞ որ սեփական երկրում իրեն ոչ ոք չի հավատում և բոլորը դավաճան են համարում։

Հաջորդ օրը թերթերը համեմատության համար տեղեկություններ հրապարակեցին այն մասին, որ պաշտպանության նախկին նախարար գեներալ Սամվել Բաբայանի հանրահավաքները նույնիսկ հարյուր մարդ չեն կարողանում հավաքել, թեև Բաբայանը շատ է ջանում և ծրագրել էր հանրահավաքներ սկսել Վերածննդի հրապարակում՝ վրանային ճամբարով։ Նախաձեռնությունը ձախողվեց կողմնակիցների փոքր թվաքանակի պատճառով։

Սոթքի, Նորաբակի և Վերին Շորժայի գնդակոծություններից հետո Փաշինյանն ու Ալիևը վերահաստատեցին Բրյուսելում հանդիպելու պատրաստակամությունը: Գնդակոծությունները հայ հասարակությանը ցույց տվեցին, որ կապիտուլյացիա-2-ի ստորագրման այլընտրանքը լինելու է պատերազմը ՀՀ տարածքում։ Հիշո՞ւմ եք Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ տեքստի առկայությունը, որն ինքը կհամաձայնի ստորագրել, ոչ թե վատ, այլ լավ լուր է։ Այս հայտարարությանը գումարեք հայրենասիրության մոդելի մասին դատողություններն ու ժողովրդին այն մտքի պարտադրման փորձը, թե պետականությունը մեր խելքի բանը չէ, և դավաճանության պատկերը կամբողջանա: Մնում է փաթեթավորել…

Կապիտուլյանտը կասկածի տակ է առնում հայոց պետականության ապագան

«Ես 2020 թվականից հետո դուրս եմ եկել ժողովրդի առաջ ու ասել, որ եթե կարծում եք, որ ինձ պետք է գնդակահարել, ապա ես այդ գնդակահարության պատի տակ հնազանդ կանգնելու եմ։ Ուզում եք գնդակահարեք՝ խնդիր չկա, ես համաձայն եմ»,- հայտարարեց Փաշինյանը։

Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո նա ճղավեց, թե «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը», իսկ վերջերս հայտարարեց, թե «եթե մեզ հաջողվի առաջիկա 2-3 տարում պահել պետությունը, ապա դրանից հետո կանգուն ենք մնալու»։ Այլ կերպ ասած, նա ժողովրդից ևս 2-3 տարի է խնդրում՝ պետության կործանումն ավարտին հասցնելու համար. եթե չլինի պետություն, չի լինի նաև պետության անունից դատավճիռ դավաճանության համար։

Ուշադրություն դարձրեք հայոց պետականության առնչությամբ գործածվող «եթե» բառին: Կապիտուլյանտը կասկածի տակ է առնում հայոց պետականության ապագան առաջիկա 2-3 տարիներին, և դրա համար կան պատճառներ. չէ՞ որ այն փաստաթուղթը, որը նա համաձայնել է ստորագրել, ենթադրում է Արցախի հանձնում Ադրբեջանի վերահսկողությանը և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության քայքայում, այդ թվում՝ զորքերի հայելային հետքաշման կոչը կատարելու միջոցով։ Ինչ վերաբերում է ժողովրդի վրեժին, ապա այդ թեմայի շուրջ կխոսենք փաստի պարագայում…