Դունյա Միյատովիչ․ Հույսերը, որ Ադրբեջանում ինչ-որ բան կփոխվի, չեն արդարանում

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Նա անընդունելի է անվանել լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ շարունակվող ճնշումներն ու հետապնդումները։

Դունյա Միյատովիչը, ով նախկինում զբաղեցնում էր ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ի ազատության հարցերով ներկայացուցչի պաշտոնը, բազմիցս այցելել է Ադրբեջան։ Միյատովիչը նշել է, որ դրանից հետո երկրում խոսքի ազատության և լրատվամիջոցների հետ կապված դրական փոփոխություններ չեն եղել, պահպանվում է սահմանափակող միջավայրը, իսկ լրատվամիջոցների մասին նոր օրենքը ավելի շատ գրաքննություն և սահմանափակումներ է մտցնում։

«Ներկայումս ես հետևում եմ մի քանի հարցերի, որոնք կապված են Ադրբեջանում մարդու իրավունքների, խոսքի և հավաքների ազատության հետ։ 2019 թվականին իշխանություններն ինձ թույլատրեցին այցելել № 17 և 16 գաղութներ և տեսակցել Սեյմուր Հազին և Աֆղան Մուխթարլիին, որոնք այն ժամանակ բանտարկված էին։ Ես շատ քննարկումներ անցկացրեցի և ներկայացրեցի իմ առաջարկները արդարադատության նախարարին, նախագահի աշխատակազմին և ՆԳՆ-ին։

Ես շարունակում եմ հետևել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին և բարձրացնել հարցեր, որոնք կապված են իրավապաշտպանների և լրագրողների ձերբակալությունների խնդիրների հետ։

Ներկայումս ես ուշադիր հետևում եմ Բախտիյար Հաջիևի գործին։ Նրա հացադուլն ու առողջական վիճակի վատթարացումը մտահոգիչ են։ Ես իմացա, որ նրա կալանքը վերջերս երկարացվել է ևս երկու ամսով, և չեմ կարող հասկանալ, թե ինչու։ Նրան նման տառապանք պատճառելու համար ոչ մի արդարացում չկա։ Միաժամանակ բարձրացրի Էլչին Սադիգովի և Ավազ Զեյնալիի հարցը։ Բայց ոչ միայն իմ թվարկած մարդիկ, այլև շատ մարդիկ իրենց աշխատանքի կամ որոշակի հարցերի վերաբերյալ տարբեր հայացքների պատճառով թիրախ են դառնում»,- ասել է հանձնակատարը:

«Սա անընդունելի է և առաջին նման դեպքը չէ։ Ես բազմիցս իմ մտահոգությունները շատ բացահայտ արտահայտել եմ Ադրբեջանի կառավարությանը՝ հուսալով, որ ինչ-որ լուծումներ կլինեն։ Ցավոք, դա տեղի չունեցավ»:

«Մյուս հարցը, որին ես ուշադիր հետևում եմ, 2020 թվականին ստորագրված եռակողմ հռչակագիրն է։ Այդ ժամանակ ես անմիջապես կապ հաստատեցի Բաքվի և Երևանի հետ՝ մարդու իրավունքների հարցերում օգնելու համար։

Այդ ժամանակվանից ես շատ եմ աշխատել Ղարաբաղ այցելելու համար։ Ես առաջարկեցի հրավիրել Ադրբեջանի իշխանությունների ուշադրությունը և նույնիսկ միասին գնալ։ Ես գիտեմ, որ սա շատ զգայուն հարց է քաղաքական տեսանկյունից, ես ճանաչում եմ Ադրբեջանի ինքնիշխանությունը, ես միշտ ասել եմ այս մասին։ Չնայած դրան, իմ ուղևորությունը դեռ չի կայացել»,- ասել է նա։

Լրատվամիջոցների ազատության վիճակի մասին հարցին Միյատովիչն ասել է, որ իր նախորդ աշխատանքի ժամանակ որպես ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ, Ադրբեջանում լրագրողների անվտանգությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Լրատվամիջոցների ազատության հետ կապված իրավիճակը չափազանց տագնապալի է։ Գործող օրենսդրությունն էլ ավելի բացասաբար է անդրադառնում ընդհանրապես խոսքի ազատության վրա՝ մտցնելով ավելի շատ գրաքննություն և սահմանափակումներ։ Եվրախորհրդի կազմի մեջ մտնող երկրները չպետք է իրենց այսպես պահեն 21-րդ դարում։

«Իշխանության կողմից երկրում լրատվամիջոցների ազատության վիճակը բարելավելու ուղղությամբ ես իրական քաղաքական կամք չեմ տեսնում։ Անհնար է խոսել Ադրբեջանում լրատվամիջոցների ազատության մասին՝ չշոշափելով հավաքների ազատության հարցը։ Երբ մարդիկ դուրս են գալիս փողոց իրենց ձայնը բարձրացնելու ցանկացած հարցի, այդ թվում՝ կանանց իրավունքների կամ ընտանեկան բռնության վերաբերյալ, դա խնդիրներ է ստեղծում և գրավում համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը», - ասել է հանձնակատարը:

«Ես գիտեմ, որ Ադրբեջանի կառավարությունը շատ է մտածում իր իմիջի մասին։ Բայց եթե դուք մարդկանց բանտարկում եք իրենց կարծիքն արտահայտելու համար, դա միայն բացասաբար է ազդում իմիջի վրա: Եթե ​​իշխանությունը ցանկանում է լինել միջազգային հանրության մաս, ապա պետք է արժևորի ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը։ Հենց այս եմ ես ակնկալում Ադրբեջանից»,- եզրափակել է Դունյա Միյատովիչը։

News.am