ԿԽՄԿ-ն վերսկսել է մարդասիրական գործողությունները. ինչ է տեղափոխվել Լաչինի միջանցքով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն վերսկսել է մարդասիրական գործողությունները Լաչինի միջանցքի երկայնքով։ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այս պահին տեղափոխվել է դեղորայք և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ` նախատեսված տեղական բուժհաստատությունների համար։

«Մեր մեքենաներով որոշակի անհրաժեշտ պաշար այսօր տեղափոխվել է։ Որոշակի ընթացակարգեր հստակեցնելուց հետո դեղորայքի տեղափոխման գործողությունները վերսկսելու հնարավորություն է ընձեռվել։ Հուսով ենք` առաջիկայում վերսկսել այլ գործողություններ ևս»,– նշեց Ամատունին։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ից հետո ԿԽՄԿ–ի միջնորդությամբ ո՛չ հումանիտար օգնություն էր տարվել Լեռնային Ղարաբաղ, ո՛չ էլ բուժառուներ են տեղափոխել Հայաստան։ Խնդիրն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուց հետո։ Ավելի վաղ ԿԽՄԿ–ից հայտնել էին, որ անցակետ տեղադրելուց հետո 2 անգամ տեղաշարժ են կատարել` մեկը ապրիլի 28-ին (տեղափոխվել է 13 բուժառու), մյուսը` ապրիլի 29-ին (տեղափոխվել է ևս 16 բուժառու)։