Մելիքյան․ Աշոտ Փաշինյանի առևանգման մեջ կասկածվողներին խայտառակ ձևով են բերման ենթարկել

Ոստիկանները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին, առևանգելու կասկածանքով բերման են ենթարկել 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսին` նրանց հանդեպ ուժ կիրառելով։ Ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում այս հայտարարությունն արեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը` նշելով, որ ծնողներին բերման են ենթարկել «Որդիների կանչ» ՀԿ–ի շենքի մոտից և տարել ոստիկանության Շենգավիթի բաժին։

«Երբ ես հասա, կարմիրբերետավորների և քաղաքացիական հագուստով ոստիկանների մեծ խումբ էր կանգնած։ Ընդամենը կես րոպե եմ ուշացել։ Ծնողներին ձերբակալել են Աշոտ Փաշինյանի առևանգման կասկածով։ Առևանգումը շատ կասկածելի գնահատական է։ Այդպես չեն առևանգում։ Ծնողներին խայտառակ ձևով են բերման ենթարկել, շատ ավելի վատ, քան Եռաբլուրից էին տարել»,- ասաց Մելիքյանը։

Իրավապաշտպանը հայտնեց, որ 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողներից մի քանիսի ծնողների հետ գնում է ոստիականության բաժին։

Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակը» գրել էր` «Որդիների կանչ» ՀԿ անդամ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին։ Թերթը նշել էր, թե ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս նետվել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան:

Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀԿ նախագահ Վահիդ Սահակյանը հերքել էր այս լուրը` նշելով, որ միջադեպ եղել է, բայց առևանգման փորձ` ոչ, դա ապատեղեկատվություն է։

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, նույնպես հերքել է այն տեղեկությունը, որ ինքը «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության այլ անդամների հետ փորձել է առևանգել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն։

Sputnik Արմենիա