«ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ» ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ՝ ԹԶԵՆՈՒ ՏԵՐԵՎ ՇԱՌԼ ՄԻՇԵԼԻ ՀԱՄԱՐ

Մայիսի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո Եվրախորհրդի նախագահի հնչեցրած հայտարարությունները ուժգին արձագանք ստացան հայ հասարակայնության ողջախոհ զանգվածի կողմից: Կրկին հաստատվեց բազմիցս ապացուցված այն փաստը, որ անհասկանալի ծագում ունեցող ու վախվորած հայացքը փախցնող արարածը, որը լկտիություն ու ինքնավստահություն է ձեռք բերում միայն բազմաթիվ թիկնապահների օղակի մեջ, ներկայացնում է ոչ թե Հայաստանի, այլ թուրքական երկու պետությունների շահերը։ Եվ որ իրականում Հայաստանի Հանրապետությունը ներկայացուցիչ չունի բրյուսելյան, ինչպես նաև միջազգային մյուս բոլոր բարձր հարթակներում։

Բազմիցս, այդ թվում՝ «ԳԱ»-ի էջերում, հնչել է նաև մեկ այլ անժխտելի ճշմարտություն. քանի դեռ մեր երկիրը ներկայացնում է օկուպացիոն ռեժիմի պարագլուխը, որը հլու-հնազանդ շարժվում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերի հետագծով, մենք պարզապես իրավունք չունենք մեր դժբախտությունների համար մեղադրել որևէ մեկին։ Բելգիայի մայրաքաղաքում կայացած հերթական գագաթնաժողովը կրկին համոզիչ կերպով ապացուցեց դա. բանակցությունների սեղանին չկար ոչ մի հարց և նույնիսկ ենթահարց, որում հաշվի առնվեին Հայաստանի և հայ ժողովրդի կենսական շահերը:

Նույնիսկ Արցախի շրջափակման և հումանիտար ճգնաժամի հետ կապված միանգամայն աղաղակող իրավիճակը չարժանացավ ոչ միայն պատշաճ, այլև թեկուզ չնչին քննարկման ու գնահատականի։ Ալիևը ամենալկտի կերպով ոտնահարում է միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, չի կատարում ՄԻԵԴ-ի և ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումները, բայց դա չի խանգարում եվրոպացի պաշտոնյաներին ջերմորեն սեղմել նրա ձեռքը և անխտիր բոլոր հարցերում հավատարիմ մնալ ավտորիտար Ադրբեջանի դիրքորոշմանը՝ ի վնաս իրենց կողմից այդքան ջերմորեն գովերգվող «ժողովրդավարության բաստիոնի»՝ Հայաստանի։

Հենց Եվրամիության ղեկավարության բացարձակ երեսպաշտությունն ու ժողովրդավարական արժեքների գիտակցված ոտնահարումն է տալիս բոլոր հիմքերը, որ ընդունելով այս ամենի մեջ Փաշինյանի կեղտոտ ու գլխավոր դերը, անդրադառնանք նաև բրյուսելյան պաշտոնյաների վարքագծին։ Հատկապես Միշելի հայտարարություններից մեկի լույսի ներքո, որը նույնպես մեծ աղմուկ բարձրացրեց. հայ ռազմագերիների վերաբերյալ:

Թեպետ, Եվրախորհրդի ղեկավարը նախընտրեց այլ տերմին. նա «ձերբակալվածներ» անվանեց ՀՀ քաղաքացիներին, որոնք արդեն ավելի քան 2,5 տարի, հակառակ բոլոր միջազգային կոնվենցիաների և պաշտոնական պայմանավորվածությունների, պահվում են ադրբեջանական բանտերում, ենթարկվում անմարդկային վերաբերմունքի և ապօրինի դատապարտվում երկար տարիների ազատազրկման:

Այս ամենի մասին ԵՄ-ում քաջատեղյակ են։ Բայց ամենևին ոչ այն պատճառով, որ այդ մասին խոսում է իրենց սիրելի Փաշինյանը, այլ որ ի հեճուկս ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության՝ այդ հարցերով զբաղվում է իրավապաշտպանների խումբը, որը հանգամանորեն բացահայտում է հնարավոր բոլոր տեղեկությունները, մանրամասներն ու խախտումները, կազմում հաշվետվություններ և ուղարկում դրանք միջազգային ատյաններ։ Բայց ժողովրդավարական աշխարհին չեն հետաքրքրում մարդու իրավունքների ակնհայտ խախտումները. դե, ի վերջո, հո չեն մեղադրելու այդ հանցագործություններում իրենց «գազային բարերարին» և «վստահելի գործընկերոջը», մանավանդ եթե բուն Հայաստանի վարչապետն այդ մասին ծպտուն անգամ չի հանում։

Սակայն Միշելի երեսպաշտությունը տերմինների այս «անմեղ» փոխարինմամբ չսահմանափակվեց։ Ահա նրա հայտարարությունը՝ բառացի. «Ըմբռնում է ձեռք բերվել, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն ևս մի քանի ձերբակալվածներ։ Ես նաև ընդգծել եմ փոխըմբռնման պահպանման անհրաժեշտությունն այն առնչությամբ, որ զինվորները, որոնք պարզապես մոլորվել և անցել են մյուս կողմը, շարունակեն ազատ արձակվել արագացված ընթացակարգի շրջանակներում»:

Չգիտեմ, թե որքան ժամանակ են աշխատել այս ճիզվիտական արտահայտության վրա Եվրախորհրդի ղեկավարի օգնականները, բայց Երևանում դա միանշանակ արձագանք առաջացրեց. խոսքն, անկասկած, մի քանի հայ ռազմագերիների փոխանակման մասին է ապրիլին սահմանը զենք-զինամթերքով հատած ադրբեջանցի երկու դիվերսանտների հետ, որոնցից մեկն օրերս դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, իսկ երկրորդը կասկածվում է նաև Հայաստանի քաղաքացու սպանության մեջ:

Այս առնչությամբ հստակ արտահայտվեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը՝ շեշտելով, որ հայ «մոլորված զինվորներ» Ադրբեջանում չկան, իսկ սահմանը հատած ադրբեջանցիներին «մոլորված» անվանել չի կարելի։ Այդուհանդերձ փորձագետը հնարավոր համարեց նման փոխանակման հնարավորությունը «քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում, որոնց պարագայում իրավական մեխանիզմները չեն գործում»:

Մեր կողմից հավելենք ևս մեկ փաստարկ՝ ի հավաստում այդչափ ցինիկ գործարքի մեծ հավանականության։ Դա հենց Փաշինյանի դիրքորոշումն է, որը դեռ նախքան երկրորդ դիվերսանտին բռնելը արդեն ստանձնել էր նրանց փաստաբանի դերը՝ հայտարարելով. «Ադրբեջանի բանակի զինվորն իր ծառայակցի հետ ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից մյուս համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկելու պատճառով»։ Հիշեցնենք նաև, որ ի սկզբանե ՀՀ Գլխավոր դատախազությունը «մոռացել էր» սպանության մեղադրանք ներկայացնել երկրորդ դիվերսանտին և ստիպված էր անել դա միայն հասարակության ճնշման տակ:

Արդեն այն ժամանակ փորձագետները սկսեցին խոսել այն մասին, որ հող է նախապատրաստվում այդ երկուսի շուտափույթ վերադարձի համար, չնայած սպանության մեղադրանքին, չնայած հեռախոսում առկա տեսագրությանը՝ այլ հայերի սպանությունների խոստովանությամբ և դրանք շարունակելու սպառնալիքով։

Այդ ամենից, ինչպես արդեն պարզ է, ճարպկորեն օգտվեց Շառլ Միշելը։

Մենք հեռու ենք այն մտքից, որ հավաստիացնենք, թե Եվրախորհրդի ղեկավարի կամ նրա գործընկերներից որևէ մեկի խիղճը տանջում է այն ամենի համար, ինչ նրանք անում են Արցախի և Հայաստանի դեմ. ավելին՝ հնարավոր է, որ արյան վրա կնքված այդ գործարքները նրանք համարում են բարերարություն հայ ժողովրդի նկատմամբ։ Այդուհանդերձ կան մի շարք գործոններ, հատկապես Արցախի հետ կապված, որոնք ամեն կարգի միջնորդները պարտավոր են հաշվի առնել, բայց միտումնավոր շրջանցում են։

Դրանք ե՛վ գլոբալ հարցերն են. ինքնորոշման իրավունքը, Արցախում միջազգային նորմերին համապատասխան անցկացված հանրաքվեն, ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների խախտումն Ադրբեջանի կողմից և նրա կատարած բազմաթիվ պատերազմական հանցագործությունները, և՛ բազմաթիվ այլ հարցեր։ Ինչպես նաև շարունակվող շրջափակումը՝ որպես Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ակտ, փաստացի ցեղասպանություն և Բաքվի կողմից միջազգային բարձրագույն դատական ատյանների որոշումների կոպտագույն ոտնահարում։

Եվրամիությունում չեն կարող չգիտակցել այս ամենը։ Հենց այդ պատճառով էլ նրանց պետք էր «մարդասիրության» թզենու տերևը՝ մի քանի հայ ռազմագերիների վերադարձի տեսքով, և Ալիևի ողորմած համաձայնությունը դրան։ Այլ հարց է, որ նույնիսկ այս կեղծ մարդասիրական ակցիան մատուցվեց խեղճ «մոլորված զինվորների» մասին ցինիկ փաթեթավորմամբ, որի տակ միանգամայն որոշակիորեն նկատի ունեն ադրբեջանցի դիվերսանտներին։ Հասկանալի է, որ Ալիևը չէր կարող հենց այնպես համաձայնել հայ գերիների վերադարձին և պահանջել է փոխանակվել իր ավազակների հետ։

Եվ նույնքան հասկանալի է, որ Փաշինյանի մտքով անգամ չի անցել առարկել ու ներկայացնել ակնբախ փաստարկները ռազմագերիների և Հայաստանի սահմանը խախտած ու իրենց հանցավոր նպատակները չթաքցնող դիվերսանտների միջև հավասարության նշանի անթույլատրելիության մասին։

Իսկ այդ «մարդասիրական» դավադրության արդյունքում, ըստ էության, լեգիտիմացվեցին հայ ռազմագերիներին ահաբեկիչ ճանաչած ալիևյան դատավարությունները, և փաստացի չեղարկվեցին բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու մասին հայտնի պայմանավորվածություններն ու պարտավորությունները։ Միշելը ներկայացավ «բարի քեռու» կերպարանքով, Ալիևը «բարի կամք դրսևորեց» ու ցուցադրեց իր «խաղաղ մտադրությունները», իսկ Փաշինյանը... Իսկ Փաշինյանը միշտ համաձայն է այն ամենի հետ, ինչը ձեռնտու է բոլորին, բացի, իհարկե, Հայաստանից ու Արցախից։ Այլ դեր նա չունի և ի սկզբանե չի ունեցել։