ԴԻՏՈՂՆԵՐԸ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ՞ ԵՆ

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց այս պահին օրակարգում չկա, հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը՝ հավելելով, որ ամեն ինչ կախված է իրավիճակից, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»։

«Կոնկրետ ժամկետը (ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին քննարկումների-խմբ.) չեմ կարող ասել, որովհետև, դա ԱԽ-ում է հավանաբար քննարկվել։ Իր կարծիքով, սակայն, դա եղել է Ջերմուկի վրա Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման շրջանում (2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի- խմբ.)։ Որոշում է ընդունվել՝ չանել այդ քայլը, որովհետև կային հարցեր, որոնք, հետագայում քննարկվեցին Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովում»,- խորհրդարանում ասել է նա լրագրողներին։

Այն հարցին, թե ՀԱՊԿ-ի ինչ այլընտրանքներ է տեսնում, դիվանագետը պատասխանել է, որ այս պահին նման հարց չկա: Ընդ որում ընդգծել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակին ՀԱՊԿ-ի քաղաքական գնահատականի անհրաժեշտության մասին, հավելելով, որ ինչ-որ պահի այդ քննարկումները կարող են վերսկսվել:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում Երևանի դիրքորոշումն արդեն վաղուց հանգում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ կազմակերպությունից քաղաքական գնահատականներ ակնկալելուն։ Հայաստանյան իշխանության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ այդ գնահատականները չափազանց կարևոր են, հատկապես հայ հասարակության համար։ Եվ այո, այդ առումով, իրոք, հարցեր կան։ Ադրբեջանական զինուժի պարբերական ագրեսիվ գործողություններին, Հայաստանի ինքնիշխան տարածք նրանց ներխուժմանը և հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր հայկական հողերի բռնազավթմանը կազմակերպության արձագանքի բացակայությունը, մեղմ ասած, համարժեք չէ:

Այդուհանդերձ, հայտնի պատճառներով զերծ մնալով գնահատականներից (Բաքվին նեղացնել ոչ ոք չի ցանկանում), ՀԱՊԿ-ն առաջարկում է Ադրբեջանին զսպելու իր մոդելը։ Մասնավորապես՝ կազմակերպության դիտորդական առաքելության ուղարկում սահմանային գոտի։ Իհարկե, դա չի կարող երաշխավորված պաշտպանություն դառնալ ադրբեջանական սադրանքներից։ Սակայն որոշ չափով կսահմանափակի Բաքվի անդադար աճող ախորժակը։ Ի վերջո, Ալիևն ասում է, որ ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ավելի շատ բարեկամներ ունի, քան Հայաստանը։ Դժվար թե նա հարվածի տակ դնի այդ բարեկամությունը՝ Հայաստանի դեմ հերթական ագրեսիան ձեռնարկելով նույն այդ բարեկամների ուղարկած դիտորդների աչքի առաջ։

Բայց... Երևանն առաջվա պես սպասում է Ադրբեջանի բարեկամների կողմից Բաքվի գործողությունների դատապարտմանը՝ գերազանց գիտակցելով, որ չի հասնելու իր ուզածին: Ընդ որում Երևանն առաջվա պես չի հրավիրում ՀԱՊԿ դիտորդների, դրանով իսկ հրաժարվելով ադրբեջանական ագրեսիայի աստիճանը տեղում նվազեցնելու իրական հնարավորությունից։

Այս համատեքստում թերևս արժե հիշատակել ևս մեկ տեսանկյուն, որը հայկական իշխանությունները փորձում են ներկայացնել իբրև Ադրբեջանին զսպող գործոն: Խոսքը ԵՄ դիտորդների մասին է։ Վերջին իրադարձությունները հիմնավորապես ցույց տվեցին զսպման խնդիրը հաղթահարելու եվրոպական առաքելության դժկամությունն ու անկարողությունը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Երևանում կայացած մամլո ասուլիսում խոսելով Սոթք գյուղի հատվածում սահմանային վերջին ահագնացման մասին, նշեց, որ այդ ժամանակ դիտորդներն այնտեղ չեն եղել:

«Նրանք սահմանի մոնիտորինգ են անցկացնում և արձանագրում այն, ինչ տեսնում են, բայց չեն կարող ավտոմատ կերպով հայտնվել այնտեղ, որտեղ ինչ-որ բան է կատարվում»,- նշեց Վիկտորինը: Ավտոմատ կերպով ոչինչ անել պետք էլ չէ: Պարզապես, համաձայնեք, շատ ավելի կարևոր է գնալ այնտեղ, որտեղ ինչ-որ բան է կատարվում և հետևել իրադարձություններին, քան լինել այնտեղ, որտեղ ոչինչ չի կատարվում: Այլապես դա կոչվում է մտահայեցություն, այլ ոչ թե մշտադիտարկում: Դա կոչվում է զբոսաշրջություն, այլ ոչ թե ադրբեջանական ագրեսիայի զսպում և նպաստում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացմանը։ Եվ դրանից Հայաստանի իշխանությունները շատ գոհ են։ Իսկ այ ՀԱՊԿ դիտորդներին չեն հրավիրում, քանի որ կազմակերպության կողմից հստակ գնահատականներ չեն լսում։ Ի դեպ, գնահատականների այդպիսի սկզբունքային պահանջ հայկական կողմը, չգիտես ինչու, չի դնում եվրոպական առաքելության առջև։ Ի վերջո, եթե Երևանին պետք է նախևառաջ հենց դա, ապա պետք է ակնկալի դա բոլորից…

Ինչ վերաբերում է վերջին անկեղծացումներին, որ ինչ-որ փուլում քննարկվել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը, ապա այստեղ հարկ է հիշել որոշ հրապարակային հայտարարություններ այդ թեմայի շուրջ: Մասնավորապես, մեկ անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանի շուրթերից հնչել է այն թեզը, թե ոչ թե Հայաստանն է ուզում դուրս գալ ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է, ըստ երևույթին, ուզում դուրս գալ Հայաստանից։ Փաստորեն, այսօր պարզ է դառնում, որ փաշինյանական թեզը պարզապես սուտ էր։ Իսկ դա ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Երևանի հանդեպ վստահության խարխլման հերթական ակտն է։ Ըստ էության, հայկական իշխանությունն անում է ամեն ինչ, որ ՀԱՊԿ-ում Հայաստանն ավելի քիչ բարեկամներ ունենա, քան Ադրբեջանը։