ՀՀ ԱԳՆ-ն կառուցողական է համարում Միրզոյանի և Բայրամովի աշխատանքը համաձայնագրի նախագծի շուրջ

Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով մայիսի 19-ին կայացել են բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներկայացրել են իրենց դիրքորոշումները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի վերաբերյալ։

«Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։ Տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն ​​հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ։

Նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ռուսական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կազմակերպելու համար: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները»,- ասվում է հայտարարության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախարարները նաև առանձին հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: