Արքեպիսկոպոս Խաչատրյան․ Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել կարող են փորձել ընդունվել ճեմարան

Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե, իհարկե , հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ:

Այս մասին ասել է Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ի պատասխան NEWS.am-ի հարցման, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել էր, եթե եկեղեցին ուզում է զբաղվել քաղաքականությամբ, թող կուսակցություն ստեղծի:

Նշենք, որ նախօրեին Փաշինյանը Տավուշում աղմկահարույց հայտարարություն էր արել ասելով. «Բայց կա նաև հետևյալ հանգամանքը. եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող է նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը, կարծում եմ, ավելի ազնիվ կլինի և ընտրողների առաջ էլ, և այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա»: