Փաստաբանները Գայանե Հակոբյանին կալանավորելու վերաքննիչ բողոքը մուտք են արել դատարան
Գայանե Հակոբյանին մեկ ամսով կալանավորելու վերաքննիչ բողոքը փաստաբանները մուտք են արել դատարան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Փաստաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դատարանն արձանագրել է`ազատության մեջ մնալու դեպքում Գայանե Հակոբյանը կարող է նորից առևանգել Աշոտ Փաշինյանին, և այդպիսի հիմքն իրատեսական է, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել։
«Դատարանն արձանագրել է, որ նոր հանցանք կատարելու (Աշոտին կրկին առևանգելու) հիմքը առկա է, քանի որ տիկին Գայանեի կողմից Աշոտ Փաշինյանին առերևույթ առևանգելու հանգամանքը կապված է եղել տուժողի մերձավոր ազգականի պետական և քաղաքական գործունեության հետ, որը ներկա պայմաններում ևս շարունակվում է»,–գրել է փաստաբանը։
Հովհաննիսյանի դիտարկմամբ` այդ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում դատարանի փաստարկից անմիջականորեն բխում է, որ տիկին Գայանեն պետք է շարունակաբար մնա կալանքի տակ այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարում է։
Sputnik Արմենիա