Իրանի ԱԳՆ-ն քննադատել է G7-ի ղեկավարների հայտարարությունում երկրի հասցեին նշված մեղադրանքները

Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին քննադատել է G7-ի առաջնորդների վերջնական հայտարարությունը, որը, նրա խոսքով, անհիմն մեղադրանքներ է պարունակում իսլամական հանրապետության հասցեին։ Այս մասին ասված է երկուշաբթի Իրանի ԱԳՆ-ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Իրանի միջուկային ծրագիրը հետապնդում է բացառապես խաղաղ նպատակներ, իսկ միջուկային զենքը տեղ չունի մեր ռազմական դոկտրինում»,- ասել է Քանանին։ «Իրանը միշտ հետևել է իր միջազգային պարտավորություններին և վճռական է շարունակելու իր կառուցողական համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ»,- հավելել է նա։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ, Արևմուտքի պնդումներին հակառակ, Իրանը «երբեք Ռուսաստանին անօդաչու սարքեր չի տրամադրել» և շարունակում է հանդես գալ ուկրաինական ճգնաժամի խաղաղ լուծման օգտին։ Բացի այդ, նա հիշեցրել է, որ իրանական կողմը միշտ ջանքեր է գործադրել Մերձավոր Արևելքում նավագնացության անվտանգության ապահովման համար։

G7-ի առաջնորդները, շաբաթ օրը Հիրոսիմայի գագաթաժողովի ավարտից մեկ օր առաջ հրապարակված համատեղ հայտարարության մեջ ընդգծել են իրենց նպատակը՝ թույլ չտալ Իրանին միջուկային զենք ստեղծել և մտահոգություն հայտնել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ, որը, նրանց կարծիքով, «համոզիչ քաղաքացիական հիմնավորում չունի»։ Բացի այդ, G7-ի առաջնորդները կոչ են արել Իրանին հրաժարվել ուկրաինական ճգնաժամի համատեքստում Ռուսաստանին տրամադրվող աջակցությունից և դադարեցնել Մերձավոր Արևելքում նավագնացության համար սպառնալիքի ստեղծումը:

News.am