Արթուր Մոսիյան․ Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, նոր բանակցողն էլ ոչինչ չի փոխի

Բոլոր այն մարդկանց համար, որոնք դեռ կասկածներ ունեին, Նիկոլ Փաշինյանն այսօր ապացուցեց, որ եկել է իշխանության Արցախը հանձնելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որով նա հաստատեց, որ Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը:

«Ալիևն իրեն հրահանգել էր՝ Մոսկվայի հանդիպումից առաջ հայտարարել, որ Արցախն Ադրբեջան է, և վերջ: Ինքը արեց դա, մանիպուլյացիաներ օգտագործեց, բայց դրանք էլ այլևս օգուտ չեն տալիս: Ես ոչ մի վայրկյան կասկած չունեի, որ Փաշինյանն ուզում է հանձնել Արցախը, բայց այսօր ինքը վերջնական պատռեց իր դիմակը բոլորի համար: Նրա հաջորդ նպատակը Ռուսաստանը Կովկասից հեռացնելն է: Իսկ թե ինչ կլինի, երբ ռուսները հեռանան Արցախից և Հայսատնից, թող ամեն քաղաքացի ինքը մտածի: Մի օր արդեն շատ ուշ է լինելու»,- ասաց նա:

Մոսիյանը բացառեց, որ խաղաղության հնարավոր պայմանագիրը կարող է, իրոք, խաղաղություն բերել: Ըստ նրա՝ Փաշինյանը հերթական պատերազմը և պարտությունն է բերելու Հայաստանին և Արցախին:

«Չնայած ինքը հիմա էլ չի ընդունում պարտությունը, ասում է, թե հերոսաբար փրկել է մեզ նոյեմբերի 9-ի փաստաթղթով: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, նոր բանակցողն էլ ոչինչ չի փոխի: Եթե Փաշինյանը պատերազմից հետո հրաժարվեր իր աթոռից, մենք այսօր այլ իրականություն կունենայինք, բայց իր՝ ամեն րոպե ավելի մնալն աթոռին ավելի է ծանրացնում մեր վիճակը»,- ընդգծեց Մոսիյանը:

Պատգամավորի խոսքով՝ անվտանգության որևէ երաշխիք չի կարող ապահովել արցախցիների կյանքն Ադրբեջանի կազմում:

«Ինչպե՞ս է կարելի մտածել, որ հնարավոր է ապրել մի երկրի կազմում, որը կես տարի շրջափակման մեջ է պահում Արցախը, գազն ու լույսն է անջատում, հումանիտար ճգնաժամ է առաջացնում: Արցախցիները, միևնույն է, դիմանում է այս ամենին, իսկ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ փոխում իր հայտարարություններով»,- նշեց Մոսիյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ուղիղ տեքստով հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում:

«Այո, Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը ՀՀ-ն պատրաստ է ճանաչել և մեր ընկալմամբ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի 29 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը: Եթե ճիշտ ենք հասկանում այս հարցում Ադրբեջանի հետ իրար, ՀՀ-ն այո, ճանաչում է Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 800 քառակուսի կմ տարածքը»,- ասել էր նա: