Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. ՀՀ-ն դիմել է Ինտերպոլին

«Հանրային ձայն» կուսակցության նախագահ, «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նրան ՀՀ–ի իրավապահ մարմիններին փոխանցելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցներ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Պարզվել է`Վարդան Ղուկասյանը, Արտակ Գալստյանը, ինչպես նաև երկու այլ անձինք խմբի կազմում քաղաքացի ՏԱ-ից (Տիգրան Արզաքանցյան,– խմբ.) շորթել են 53.806.500 դրամին համարժեք 110.000 դոլար գումար։

Նրանք նաև ծառայությունների մատուցման քողի տակ գումար են շորթել գիշերային ակումբի պատասխանատու ներկայացուցչից` գույքային պահանջներ ներկայացնելու միջոցով։ Գումարի չափը եղել է 60.000-100.000 դոլար։

Ձեռք բերված փաստերի հիման վրա խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար վերոհիշյալ 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Արտակ Գալստյանին և նշված երկու անձանց ներկայացվել է մեղադրանք, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

«Իրականացված վարութային և ապացուցողական ծավալուն գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Վարդան Ղուկասյանը 2021թ հուլիսի 9-ին «Youtube.com» կայքի իր անվամբ բացված անհատական էջով հանրության համար հասանելի ձևաչափով հրապարակված տեսաելույթի ընթացքում ցուցաբերել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք»,– ասված է հաղորդագրությունում։

Բացի այդ, 2022թ–ի նոյեմբերի 12-ին հանրության լայն շրջանակների համար հասանելի «youtube.com» և «facebook.com» սոցիալական կայքերի իր անհատական էջերով պայմանագրային զինծառայողների նկատմամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և արդարացրել նրանց նկատմամբ այդպիսի բռնությունը։

Ձեռք բերված փաստերի հիման վրա Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

- 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում),

- 489-րդ հոդվածի 2-րդ մասով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը),

- 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը),

- 2 դրվագ առերևույթ հանցագործությունը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով ծանր վիրավորանք) նախատեսված հանցագործություն կատարելու համար։

Ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ Վարդան Ղուկասյանը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ելնելով դրանից՝ քրեական վարույթին առնչվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը` ԱՄՆ իրավասու մարմիններից անհրաժեշտ օժանդակություն ստանալու նպատակով։

Ըստ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված տեղեկատվության՝ ոստիկանությունը միջոց է ձեռնարկել Ինտերպոլի միջոցով Վարդան Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզում իրականացնելու նպատակով։

Sputnik Արմենիա