ՎԻԿՏՈՐԻՆԻ «ՈՒԶԱԾԸ». ԿԵՆՍԱԳՈՐԾԵ՛Լ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ

«Ուզում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի Հայաստանում։ Գիտեմ, որ կգտնվեն մարդիկ, որոնց դուր չի գա իմ ասածը, բայց կրկնեմ, որ այն ուղղված է կանանց պաշտպանությանը։ Աջակցություն եմ ակնկալում քաղաքացիական հասարակության կողմից»,- հայտարարեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Երևանում կայացած «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ընթացքում:

Ասացեք, խնդրեմ, ինչպիսի՜ կտրական տոն: Ոչ թե «հուսով եմ», ոչ թե «կոչ եմ անում», ոչ էլ «խորհուրդ եմ տալիս», այլ «ուզո՛ւմ եմ»։ Պարզապես հետաքրքիր է, եթե այդ տիկինը հայտնվեր, ասենք, Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում, նո՞ւյն կերպ էր խոսելու։ Ուզո՛ւմ եմ սա, ուզո՛ւմ եմ նա

Ի դեպ, Վիկտորինը գովեց հասարակական կազմակերպություններին, ասելով, որ դրանցից ոմանք շատ լավ են աշխատում։ Երբ ողջ հայ հասարակությունը տարակուսում է, թե ինչու են հայրենի ՀԿ-ներն ընկել լեթարգիական քնի մեջ՝ չարձագանքելով իշխանությունների կողմից Մարդու իրավունքների աղաղակող խախտումներին և ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցող կործանարար գործընթացներին, ԵՄ դեսպանը գովում է նրանց։ Դե, երևի գիտի՝ ինչի համար։

Եվ այսպես, Վիկտորինն ուզում է, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան, որին դեմ են մեր բազմաթիվ փորձագետներ, համաքաղաքացիներ, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցին, հիմնավորված համարելով, որ դա կրկնատակով «ճամպրուկ» է՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի անվան տակ։ Ի դեպ, այն փաստը, որ Ստամբուլյան կոնվենցիայի թեման հերթական անգամ մակերես ելավ հենց հիմա՝ Հայաստանի համար այսչափ դժվարին ու խառնակ ժամանակաշրջանում, բնավ պատահական չէ։ Խնդիրն այստեղ միայն ճնշումը չէ, և ոչ էլ այն, որ արևմտյան գրանտների դիմաց պետք է ջանալ (ուրիշ ինչպե՞ս մեկնաբանել ՀՀ-ում ԵՄ դեսպանի հնչեցրած կոշտ «ուզում եմ»-ը), այլ այն, որ հերթական անգամ ցուցադրվի Ռուսաստանին, թե ինչ աստիճան է աճել արևմտյան ազդեցությունը հայ հասարակության մեջ, որ նրա հետ կարելի է խոսել այդպիսի տոնով։ Թերևս մանկամտություն է, բայց այնտեղ՝ Արևմուտքում նույնպես զուրկ չեն սնապարծ ցուցամոլությունից

Ոչ վաղ անցյալում, մեկնաբանելով Սորոսի հիմնադրամի ցուցադրական «հեռացումը» Հայաստանից, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը «ԳԱ»-ին տված հարցազրույցում ասաց հետևյալը. «Փաշինյանական իշխանությունը շրջում է երկիրը դեպի Արևմուտք և առաջ է տանելու արևմտյան քաղաքականությունը, այդ թվում՝ «վերակենդանացնելով» Սորոսի հիմնադրամը նոր որակով, որտեղ խորշելի միլիարդատիրոջ անունն այլևս չի հիշատակվի։ Այսպիսով, արդեն կառչելու բան չի լինի, թե՝ նոր կազմակերպությունը ֆինանսավորվում է արտասահմանից։ Բայց դա առաջ կմղի նույն սորոսական օրակարգը։ Հաշվի առնելով, որ Սորոսի հիմնադրամի բոլոր հետևորդներն արդեն իշխանության ղեկին են, իշխանության շարքերում կամ իշխանական շրջանակներում, հիմնադրամի առկայությունն իր նախկին տեսքով իմաստազրկվում է: Գումարած այն, կրկնեմ, որ Սորոսի հիմնադրամը վարկաբեկել է իրեն, այսինքն պետք է նույնը անել այլ ձևաչափով։ Ստեղծել հասարակական կարծիք հօգուտ Արևմուտքի, ամբողջությամբ բացառել ռուսական գործոնը Հայաստանից, առաջ տանել բարեփոխումները «մարդու իրավունքների» ոլորտում, վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, քարոզել անչափահասների արդարադատությունը և այլն»:

Ներկայիս միտումների պայմաններում մեծ է հավանականությունը, որ Վիկտորինի «ուզածը» կբավարարվի, և Ստամբուլյան կոնվենցիան կվավերացվի, հակառակ հասարակական կարծիքին և ՀԱԵ դիրքորոշմանը, որի դեմ գրոհները փաշինյանական իշխանության ներկայացուցիչների և անձամբ վարչապետի կողմից ոչ միայն չեն դադարել, այլև նոր, կատաղի թափ են առել։

Եվ քանի որ Ստամբուլյան կոնվենցիան վերաբերում է գենդերային հարցերին, ասենք՝ սեռափոխությանը և այլն, ապա դրա համար կստեղծեն օրենսդրական դաշտ, կընդունեն օրենքների փաթեթ։ Քանի որ առօրյա կյանքում կանանց բռնությունից իբր պաշտպանելու վերաբերյալ Ստամբուլյան կոնվենցիայի կետերն իրագործելու համար անհրաժեշտ են համապատասխան օրենքներ։ Եվ դրանք հապճեպ կընդունվեն։

Եվս մեկ մեջբերում Հայկ Այվազյանից. «Արևմուտքում տեսնում են, որ ժողովուրդը Հայաստանում այսօր առանձնապես չի դիմադրում կործանմանը, ասես կորցրել է ինքնապահպանման բնազդը: Դա նշանակում է, որ ցանկացած հակազգային օրենք սրանք կարող են հանգիստ անցկացնել, հասկանալով, որ զանգվածային դիմադրություն, ինչպես նախկինում էր, չի լինելու։ Տեսեք, մեզ մոտ արդեն բացվել է ԼԳԲՏ պաշտոնական գրասենյակ, և ոչինչ, գործում է, ոչ ոք չի զայրանում, չի խանգարում։ Հետագայում շատ ավելին կլինի և ոչ միայն ազգային աշխարհընկալման, ավանդական, ընտանեկան արժեքների ոչնչացման առումով»։

Հիշո՞ւմ եք, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի մի նախարար ունեինք. Զարուհի Բաթոյանը, որը ժամանակին անլրջություն անվանեց Ստամբուլյան կոնվենցիայի թեմայով քննարկումները (իբր՝ խոսքը բացառապես կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման մասին է)։ Նույն Բաթոյանը խորհուրդ տվեց բոլոր նրանց, ովքեր կասկածում են, որ այդ փաստաթուղթը հիասքանչ է, պարզապես կարդալ, թե ինչ է գրված այնտեղ, ամենայն լրջությամբ համարելով, թե բազմաթիվ փորձագետները, այդ թվում՝ իրավաբանները, Հայաստանի Հանրային խորհուրդը, Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվները, հասարակական կազմակերպությունների ղեկավարները, որոնք այն ժամանակ կոչ էին անում Փաշինյանի կառավարությանը զերծ մնալ կոնվենցիայի վավերացումից, անում էին դա՝ առանց կարդալու դրա տեքստը:

Իսկ այդ կասկածելի փաստաթղթի տեքստում առկա ստորջրյա խութերի մասին, որի վավերացումն այսօր Հայաստանում այնքա՜ն փափագում է Անդրեա Վիկտորինը, շատ է խոսվել ու գրվել, ընդ որում՝ ոչ միայն հայ, այլև արևմտյան փորձագետների կողմից։

Ի դեպ, ցուցանշական օրինակ. 2016 թվականին Ռումինիան վավերացրեց Ստամբուլյան կոնվենցիան։ Այնուհետ, գիտակցելով փաստաթղթի իրական հետևանքները, ռումինացիները ստիպված եղան 2018 թվականին հանրաքվե անցկացնել «ամուսնություն» հասկացության՝ որպես «տղամարդու և կնոջ միության» սահմանադրական ամրագրման վերաբերյալ (հիշեցնենք, որ միջազգային կոնվենցիաները վավերացնելիս դրանցում ամրագրված դրույթները գերակշռում են պետության ներքին օրենքներից): Սակայն հանրաքվեն տապալվեց. եթե «Օվերտոնի պատուհանը» բացվել է, այն փակելն արդեն հեշտ չէ։

Այդ մասին շատ դիպուկ է արտահայտվել իրավագիտության դոկտոր, Բելգիայում ADF International-ի (Ընտանիքի, ավանդական արժեքների և կրոնական ազատության պաշտպանության կազմակերպություն) իրավախորհրդատու Ադինա Պոտարուն. «Այսօր «գենդեր» տերմինը օգտագործվում է բոլորովին ոչ այնպես, ինչպես նախկինում։ Եվ եթե մենք մտցնում ենք այդ հասկացությունը, ապա գենդերային բռնության ողջ գաղափարը՝ ֆիզիկական և հոգեբանական, կկազմի Ստամբուլյան կոնվենցիայով նախատեսված բոլոր միջոցառումների լոկ մի փոքր մասը, թեև հենց այդ տեսանկյունն է դրված կոնվենցիայի վերնագրում:

Եթե մենք ունենանք մարդկության նոր սահմանում, ապա ի՞նչ կլինի ավանդական գենդերային կարծրատիպերի հետ: Ի՞նչ կլինի մեկ տղամարդու և մեկ կնոջ ավանդական ամուսնության հետ: Ի՞նչ կլինի Եկեղեցու վարդապետության հետ: Ի՞նչ կլինի կրթական գործիքակազմի հետ: Ի՞նչ կլինի ծնող-երեխա հարաբերությունների հետ: Ինչի՞ մասին կարելի կլինի պատմել երեխաներին, և ո՞ր հանգամանքները տաբու կլինեն։ Օրինակ, կա ծնողների խումբ, որոնք ցանկանում են դաստիարակել իրենց զավակներին քրիստոնեական ավանդույթներով՝ հավաստելով, որ ամուսնությունը միությունն է մեկ տղամարդու և մեկ կնոջ միջև, և որ մարդիկ բաժանվում են տղամարդկանց և կանանց: Իսկ դպրոցը կարող է հետևել նոր գաղափարախոսությանը, որը հակասում է ծնողների ասածներին։ Դպրոցում երեխաներին կարող են ասել, թե իրենք չեն ծնվում տղա կամ աղջիկ, և թե մարդն ինքն է ընտրում, թե ինչ սեռի է պատկանում: Եվ եթե ծնողները շարունակում են ավանդական արժեքներ սերմանել երեխաների մեջ, դա կարող է որակվել որպես հոգեբանական բռնություն: Նման օրինակներ արդեն կան և՛ ԱՄՆ-ում, և՛ Մեծ Բրիտանիայում...»:

Ո՞վ է առաջ մղում Ստամբուլյան կոնվենցիան: Պոտարուի վկայությամբ՝ նախնական փաստաթղթերը ստացվել են Արվամոլների և լեսբուհիների միջազգային կազմակերպությունից. կազմակերպություն, որն ազդել է սեռի սահմանման վրա: Նրանց ջանքերով գենդերը դարձավ պաշտոնական փաստաթղթերի հիմնական տերմին:

Բա դա մեզ պե՞տք է: Մի՞թե կարելի է այսօր Հայաստանի և Արցախի բուն գոյությանը, հայոց պետականությանը սպառնացող գլոբալ մարտահրավերների պայմաններում ընդունել կործանման ևս մեկ գործոն՝ կասկածելի կոնվենցիայի փաթեթավորմամբ:

Թող Վիկտորինը գնա ուրիշ տեղում ուզի