ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՏՎԻՐԱՏԱՐՆԵՐԸ. ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է, ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅ ԴԱՏԻ ՄՈՌԱՑՈՒԹՅԱ՞Ն ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն օրերս իրեն թույլ տվեց բավական հանդուգն հայտարարություն անել։ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ավարտված է», - հայտարարեց սույն պաշտոնյան, հավելելով, թե «Ցեղասպանության ճանաչումը հայ ժողովրդին բան չի տալիս, բացի ինչ-որ բարոյական շոյվածությունից»:

Թե ով է Սինանյանը՝ ազգի եվ պետության համար այդչափ կարևոր հարցեր լուծելու համար, առանձին թեմա է։ Եթե հակիրճ, ապա պետք է հստակ արձանագրել, որ ոչ ոք թույլ չի տվել 4 տարի այս պաշտոնում ոչ մի ձեռքբերում չարձանագրած, բայց բազմաթիվ սկանդալներով հայտնի ստահակին այդպիսի պատասխանատու հայտարարություններ անել։ Մյուս կողմից, պարզ է, որ նման մտքերը հնչեցվում են նրա անմիջական շեֆի եթե ոչ հանձնարարությամբ, ապա համաձայնությամբ, հետևաբար՝ դրանք պետք է ընկալել որպես իր ստեղծման պահից ի վեր Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ամենագլխավոր վեկտորներից մեկի արմատական փոփոխում:

Դրան հաջորդեցին ոչ պակաս կարևոր հայտարարություններ, որոնք հաստատեցին այս եզրակացությունը։ «Սփյուռքում լոբբիստական իմաստով բաց է առաջացել, որովհետև կառույցներից մեկը, որը զբաղվել է Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման գործունեությամբ, և որը, լավ թե վատ, երևի ամենամեծ կառույցն էր լոբբիզմով զբաղվելու իմաստով, իրեն դուրս է հանել այդ դաշտից: Իրենք անում են մի բան, բայց ես հստակ չեմ տեսնում, չեմ կարծում, որ հաջողությամբ կպսակվի»,- ասաց Սինանյանը:

Այս հայտարարությունը հնարավոր չէ ընկալել այլ կերպ, քան բացահայտ հարված Հայ դատի կառույցներին և ընդհանրապես այն ահռելի աշխատանքին, որ տասնամյակներ շարունակ կատարել է Սփյուռքի գլխավոր կազմակերպությունը՝ ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը տարբեր երկրներում։ Եվ առաջին հերթին՝ համաշխարհային գլխավոր կենտրոններում. ԱՄՆ-ում ու Եվրոպայում, նաև Հարավային Ամերիկայում, Կանադայում ու Ավստրալիայում, իսկ ժամանակին նաև Ռուսաստանում։ Սինանյանի երկրորդ հայտարարությունը տրամաբանորեն բխում է առաջինից, միաժամանակ Սփյուռքի ավանդական կազմակերպությունների հետ Փաշինյանի ռեժիմի վատ քողարկված դիմակայությունը արդեն ձեռք է բերում բաց առճակատման բնույթ:

Կրկին իսկ. ո՞վ է Սինանյանը, որ վճռի Սփյուռքում ՀՅԴ-ի և, մասնավորապես Հայ դատի հանձնախմբերի ճակատագիրն ու գնահատի գործունեությունը: «Սփյուռքի հարցերով հանձնակատար», որը ծպտուն անգամ չէր հանում, երբ Սփյուռքի նշանավոր գործիչներին, որոնք իրենց կյանքը նվիրել են հայկական շահերի համար աշխատանքին, պերսոնա նոն գրատա էին հայտարարում Հայաստանում և արգելում մտնել երկիր: «Սփյուռքի հարցերով հանձնակատար», որը բերանը ջուր էր առել, երբ Ադրբեջանում և Թուրքիայում անվանում էին Սփյուռքը «քաղցկեղային ուռուցք աշխարհի մարմնին»։ «Սփյուռքի հարցերով հանձնակատար», որը մի բառ անգամ չասաց թուրքի փեսա Մեթյու Բրայզայի հասցեին, որը համարձակվեց հայտարարել, թե Բաքվի և Անկարայի հետ Հայաստանի «հարաբերությունների կարգավորման» գործընթացներին խանգարում է Սփյուռքը (հայկական ընդդիմության հետ միասին)։

Սրանք լոկ վերջին օրինակներն են։ Իսկ եթե ավելի խորանանք, ապա կարելի է նիկոլական այդ կամակատարին դեռ շատ դժգոհություններ ներկայացնել անգործության, իսկ որոշ դեպքերում նաև հակառակ կողմին աջակցելու համար՝ հայկական Սփյուռքին ուղղված նպատակային հարվածների պարագայում, որոնց պաշտոնական Երևանը ոչ մի կերպ չարձագանքեց։

Ժամանակին «ԳԱ»- ն բազմիցս գրել է Սինանյանի արտասահմանյան շրջագայությունների և նրա շուրջ ծավալված սկանդալների մասին, երբ Սփյուռքի ներկայացուցիչները, այդ թվում՝ իր հայրենի Գլենդեյլում, սուլոցով էին դիմավորում նրան՝ վանկարկելով. «Նիկոլ՝ դավաճա՛ն։ Զարեհ՝ դավաճա՛ն», և վռնդում դահլիճից: Մենք գրել ենք նաև այն մասին, որ այդ շրջագայությունների գլխավոր խնդիրը առաջին հերթին ՀՅԴ-ի հետ կապված հայկական ավանդական կառույցների նպատակային փլուզումն ու ազդեցության առավելագույն նվազեցումն էր, ինչպես նաև Փաշինյանին հավատարիմ և նրա թուրքամետ քաղաքականությանը սատարող կազմակերպությունների ձևավորումը հայկական խոշոր կենտրոններում։

Այստեղ մենք մոտեցանք Սինանյանի ևս մեկ հայտարարությանը, որը վկայում է ազգային արժեքներին հավատարիմ կառույցների ջախջախման և ընդհանրապես իրենց դրածոների ներդրման միջոցով Սփյուռքի դիմագծի ու գործունեության բնույթի փոփոխման Հայաստանի օկուպացիոն իշխանությունների ուղեգծի անփոփոխության մասին։ Ըստ էության, Սինանյանի ողջ գործունեությունը 4 տարի շարունակ ուղղված է եղել հենց դրան, և հենց այդ խնդիրների կատարման համար են հսկայական գումարներ հատկացվել (հիշենք, որ ժամանակին լրատվամիջոցները գրել են, որ գլխավոր հանձնակատարի ամսական աշխատավարձը 25 հազար դոլար է)։

Ճիշտ այնպես, ինչպես կիսագրագետ Փաշինյանն իր խնդիր հռչակեց նոր «գաղափարախոսության», «հայրենասիրության» նոր ըմբռնման ու այլևայլ նոր «արժեքների» ձևավորումը, որոնք խարսխված են բացառապես նյութական, իսկ ավելի ճիշտ՝ մորթեպաշտ և անասնական պահանջմունքների վրա, նույն կերպ էլ Սինանյանն է փորձում դրա պատկերով ու նմանությամբ ձևել «նոր» Սփյուռք։ Այնպիսի, որն ամեն ինչում համահունչ ու համամիտ կլինի թուրքի դրածոների հետ և նույն քաղաքականությունը կվարի հայ համայնքների կյանքի բոլոր ոլորտներում. լոբբիստական, կրթական, մշակութային և այլն։

Սինանյանը փաստացի բաց տեքստով ասաց այս ամենը, երբ հայտարարեց, որ առաջիկայում նշանակվելու են «Հայաստանի հետ հայ համայնքների կապը համակարգող հանձնակատարներ»: Իսկ գլխավորը՝ բացատրեց, թե ինչու դա արված չէ առ այսօր. «Կարևոր էր Սփյուռքում ըմբռնում ստեղծել, թե ինչ պարտականություններ են դրված լինելու այդ անձանց վրա»: Պետք է ենթադրել, որ հիմա այդ «ըմբռնումը» կա, քանի որ, ըստ նրա, արդեն ընտրվել են մի քանի թեկնածուներ, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կնշանակվի նրանցից առաջինը։

Եթե մեկտեղենք գլխավոր հանձնակատարի այս բոլոր հայտարարությունները, ապա վերջնականապես պարզ է դառնում, թե ինչով են զբաղվելու նրա պատվիրատարները Սփյուռքի խոշորագույն կենտրոններում։ Ոչ, բնավ ոչ թուրք-ադրբեջանական լոբբիստների դեմ հետևողական հակազդեցություն կազմակերպելով, ոչ էլ Արցախի ժողովրդի արդարացի պահանջներին աջակցելով... Բնավ ոչ պատմության նենգափոխման դեմ պայքարով և ոչ էլ Հայաստանի ու Արցախի օգտին տեղեկատվական-քարոզչական աշխատանքով... Ոչ էլ նույնիսկ ադրբեջանցիների կողմից հայկական մշակութային ժառանգության ակտիվ յուրացմանն ու աշխարհում դա որպես իրենցը ներկայացնելուն հակազդելով

Մի խոսքով, փաշինյան-սինանյանական հանձնակատարները ոչինչ չեն անելու այն ամենից, ինչով հետևողականորեն զբաղվել են հայերը աշխարհի տարբեր երկրներում՝ օգնելով իրենց Հայրենիքին և պաշտպանելով հայկական շահերը այն ժամանակ, երբ Հայաստանն ուժեղ էր Սփյուռքով, իսկ Սփյուռքն իր թիկունքում զգում էր հայկական պետությունը։

Հանձնակատարի պատվիրատարները Սփյուռքի համայնքներում անելու են այն, ինչ անում է Փաշինյանը Հայաստանում. փլուզել ամեն ազգայինը, ոչնչացնել հայկական ոգին և ամեն կերպ նսեմացնել Հայաստանի դերն ու տեղը համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ։ Նրանք աշխատելու են Ցեղասպանության և Արցախյան առաջին ազատամարտում տարած հաղթանակի մոռացության օգտին, հայ երիտասարդների շրջանում տիրաժավորելու են Նիկոլի պարանոիդ գաղափարները ստորացուցիչ խաղաղության և թուրքերի հետ «բարեկամության» մասին, համոզելու են Արցախը զոհաբերելու անհրաժեշտության մեջ, որպեսզի պահեն տխրահռչակ «29800 քառ.կմ»-ը, կոտրելու են երազանքները իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և ազգային պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու ունակ հզոր Հայրենիքի մասին... Արմատավորելու են բացառապես սպառողական վերաբերմունք հայոց պետականության և ազգային շահերի նկատմամբ, համոզելով, թե հանուն կուշտ անասնական կյանքի թշնամուն զիջումներ անելն անխուսափելի է։

Շարունակելը, կարծում ենք, իմաստ չունի։ Այդպիսի աշխատանքի մի քանի տարի, և հայկական Սփյուռքը կա՛մ կվերածվի երիտհայթուրքերի քաղաքականությանը լիովին աջակցող մանկուրտների համայնքի, կա՛մ էլ, կորցնելով հավատն ու հիասթափվելով, իսպառ երես կթեքի Հայաստանից ու Արցախից, որոնք կդառնան արդեն ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանի մասին կարոտագին հիշողությունների լոկ մասը։ Այդպիսի Սփյուռքն այլևս չի ունենա լոբբիստական և քաղաքական չնչին իսկ կշիռ, կկորցնի իր բնակության երկրների քաղաքականության վրա ազդելու լծակները և կդադարի նախաձեռնել համահայկական նախագծեր, բացի, իհարկե, նրանցից, որոնք գումարներ կբերեն օկուպացիոն ռեժիմի պարագլուխներին։

Մի՞թե այդ մասին չէին երազում տասնամյակներ շարունակ Բաքուն ու Անկարան, որոնք երկար տարիներ անզոր կրճտացնում էին ատամներն ու հուսահատ օդ ցնցում, անկարող լինելով խանգարել թեկուզ ոչ կատարյալ, թեկուզ շատ առումներով դեռ մինչև վերջ չկայացած, բայց ամուր Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանը, որն էլ հենց, ինչպես պարզվում է, փաշինյանների և սինանյանների գլխավոր թշնամին է։ Քանզի միայն այդ եռամիասնությունը կարող է մի լավ հարված հասցնել թե՛ հանձնակատարների, թե՛ պատվիրատարների հետույքին և փլուզել նրանց բոլոր հակահայկական ծրագրերն ու մտադրությունները, պաշտպանելով Արցախը, պահպանելով Սփյուռքը և վերակենդանացնելով ճշմարիտ Հայաստանը: