Ադրբեջանն իր քաղաքացիներին հորդորել է չայցելել Իրան

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն քաղաքացիներին կոչ է անում չայցելել Իրան։

«Հաշվի առնելով այս տարվա հունվարին ԻԻՀ–ում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան նկատմամբ իրականացված ահաբեկչական ակտը, որի հետևանքով սահմանափակվել է մեր դիվանագիտական ներկայացուցչությունն Իրանում, Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում առանց անհրաժեշտության այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն, իսկ այդ երկիր մուտք գործողներին խորհուրդ է տրվում զգոն լինել», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ներկա պահին Ադրբեջանի քաղաքացիները, որոնք գտնվում են Իրանում, պարտավոր են պահպանել անվտանգության կանոնները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքվում փակվել է Իրանի մշակութային ներկայացուցչությունը։

Հիշեցնենք` ապրիլի սկզբին Բաքուն անցանկալի անձ հայտարարեց և արտաքսեց Ադրբեջանում Իրանի դեսպանատան 4 աշխատակցի։ Ի պատասխան Թեհրանը մայիսի սկզբին անցանկալի անձ հայտարարեց ադրբեջանցի 4 դիվանագետի։

Sputnik Արմենիա