Գրիգորյան․ Սահմանային ծառայությունները ՀՀ վերահսկողությամբ են իրականացվելու

Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանային բոլոր ծառայություններն իրականացվելու են ՀՀ ծառայությունների կողմից, կարծում եմ՝ սա հստակ է բոլոր ներգրավված գործընկերների, Առաջին ալիքի եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ապաշրջափակման հարցում երեք հիմնական սկզբունք կա, որին մենք հետևում ենք սուվերենությունն է, յուրիսդիկցիան, ինչպես նաև փոխադարձությունը։ Ապաշրջափակումը հնարավոր է միայն այս սկզբունքների շրջանակում։ Երկար ժամանակ Հայաստանի վրա այս սկզբունքներից դուրս լուծումներ գտնելու ուղղությամբ ճնշում էր գործադրվում։ ՀՀ-ի վրա նաև ռազմական ճանապարհով է ճնշումներ գործադրվում, որպեսզի ՀՀ-ն իր դիրքորոշումը փոխի»,-ասաց ԱԽ քարտուղարն՝ այս համատեքստում մատնանշելով նաև 2020-ի սեպտեմբերյան մարտերը։

Նա շեշտեց՝ ներկայումս ՀՀ-ն ավելի հաստատակամ է դարձել և վերոնշյալ երեք սկզբունքներից դուրս այլ քայլի չի գնա։

Մայիսի 31-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան ԱԳՆ-ից հայտնել էին, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ մի շարք հարցեր կքննարկվեն Ադրբեջանի կողմից երկու երկրների տարածքով անցնող ենթակառուցվածքների նկատմամբ պետությունների ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների ընդունումից հետո:

Նշենք, որ հարցումը ներառում էր հետևյալ հարցրերը, թե ի՞նչ է ենթադրում ենթակառուցվածքների ապաշրջափակումը, ի՞նչ երթուղի է ենթադրում այն, արդյո՞ք քննարկվում է միջազգային մաքսային կազմակերպության ներգրավումը, ինչպե՞ս է այնտեղ ներկայացված լինելու Ռուսաստանի Դաշնությունը, հայկական և ադրբեջանական ո՞ր բնակավայրերով է անցնելու ճանապարհը: Ըստ ստացված պատասխանի այս և այլ հարցեր կքննարկվեն Ադրբեջանի կողմից երկու երկրների տարածքով անցնող ենթակառուցվածքների նկատմամբ պետությունների ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների ընդունումից հետո: