ՔԱՅԼ՝ ԴԵՊԻ ԻՐ «ԱՊԱԳԱՆ»

Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Թուրքիայի առաջնորդի հետ, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարճ զրույց են ունեցել «ոտքի վրա», որին մասնակցել է նաև Թուրքիայի նախկին վարչապետը։

ԲԱՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԹԵ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ԽՈՍԵԼ ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ լայն հասարակայնությանը, մանավանդ հայկական, պարտադիր չէ իմանալ։ Բավական է նայել իրադարձության վայրում արված լուսանկարներին, Փաշինյանի դեմքի արտահայտությանը, որպեսզի հասկանաս, որ նրանք խոսում էին Հայաստանի վարչապետի համար հաճելի և նույնիսկ ուրախալի ինչ-որ բանի մասին։ Կարելի է ենթադրել, որ խոսքը վերաբերում էր «ապագա կա»-ին, որը երկու բառով, ոտքի վրա Էրդողանը պատկերեց Փաշինյանին։ Իսկ հետո էլ Ալիևը իր գույներն ավելացրեց ապագայի պատկերին։ Ճիշտ է, ոչ թե Հայաստանի և տարածաշրջանի, այլ Փաշինյանի ու իր թիմի ապագայի։

Թեպետ, ապագայի մասին՝ քիչ ավելի ուշ։ Իսկ առայժմ կցանկանայինք որոշակի բան մտաբերել ոչ հեռավոր անցյալից, ինչն առավել քան «ներդաշնակ» լրացնում է ներկայիս պատկերը՝ Փաշինյանի մասնակցությունը Էրդողանի տոնին։ Ոչ, տվյալ դեպքում չեմ հիշեցնի հայ ժողովրդի համար ողբերգական 100-ամյա վաղեմության դեպքերի մասին։ Սահմանափակվենք ոչ այնքան հեռավոր անցյալով։

Ավելի քիչ , քան երեք տարի առաջ, Նիկոլ Փաշինյանը, որն այսօր մասնակցում է Էրդողանի մտերմահավաքին, Երևանում հավաքեց Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին և բացատրեց նրանց, թե ինչու են սկսվել մարտական գործողությունները Ղարաբաղում։ Ահա թե ինչ ասաց նա այն ժամանակ. «Միանշանակ է, որ այս պատերազմը չէր սկսի, եթե դրանում ամբողջությամբ ներգրավվածության պատրաստակամություն չցուցաբերեր և, ի վերջո, ամբողջությամբ չներգրավվեր Թուրքիան: Ես ցանկանում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ռազմական գործողությունները մեկնարկել են որպես թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների շարունակություն»։ Փաշինյանը նշեց նաև Թուրքիայի կողմից պատերազմի բացահայտ քաջալերանքը և այն, որ Թուրքիայում հավաքագրել էր վարձկանների, ահաբեկչական խմբավորումների անդամների և սեփական օդային տրանոսպորտով հասցրել նրանց բախման գոտի։ Բացի այդ, Փաշինյանը հայտարարեց օտարերկրյա դիվանագետներին. «Տեղի ունեցողը պետք է դիտարկել Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի հետ հարաբերություններում, Կիպրոսի հետ հարաբերություններում Թուրքիայի վարած քաղաքականության կոնտեքստում: Եվ սա միանշանակ թուրքական կայսրության վերականգնման քաղաքականություն է»։

44-օրյա պատերազմի ավարտից հետո Փաշինյանը դրա սկսման մեջ մեղադրեց ում ասես։ Ե՛վ «նախկիններին», որոնք «փակուղի են մտցրել բանակցային գործընթացը», և՛ «կոռումպացված» գեներալներին, որոնց պատճառով «հազարավոր հայ զինվորներ են զոհվել»։ Բայց գնալով ավելի հազվադեպ էր նա հիշում իր իսկ խոսքերը, որ ասել էր պատերազմի օրերին և՛ այն օտարերկրյա դիվանագատներին, և՛ հայ հասարակայնությանը։ Ըստ էության, ընդամենը երկուսուկես տարում Փաշինյանը հաջողացրեց այնպես «ռեաբիլիտացնել» Թուրքիային, ինչպես չէին կարողացել անել բուն Թուրքիայի ղեկավարները ամբողջ 100 տարի։ Ասենք ուղղակի. նա արժանի էր Էրդողանի տոնին մասնակցելու հրավերին։ Այն մարդու տոնի, որն իր իսկ խոսքերով, 44-օրյա պատերազմի հրահրիչն է, որը երկուսուկես տարի առաջ ահաբեկիչներ է ուղարկել հայերին սպանելու համար։

ԻՍԿ ԱՅԺՄ ՎԵՐԱԴԱՌՆԱՔ ԱՅԴ «ԱՊԱԳԱ»-ԻՆ։ Խոսքը Հայաստանի, Արցախի կամ հայ ժողովրդի ապագայի մասին չէ, այլ Փաշինյանի ու իր թիմի։ Բոլորովին վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ուկրաինայի շուրջ շարունակվող աշխարհաքաղաքական ճգնաժամի համատեքստում մանևրելու դաշտը Հայաստանի համար նեղանում է։ Սակայն ակնհայտ է, որ այն (դաշտը) նեղանում է առաջին հերթին հենց իր համար։ Եվ ոչ այնքան ուկրաինական ռազմաճակատում Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության ահագնացման պատճառով։ Այդ դաշտը սահմանափակված է հայ-ադրբեջանական չարաբաստիկ խաղաղության պայմանագրի ստորագրման վերջնաժամկետով։ Ակնհայտ է, որ ստորագրելով փաստաթուղթը՝ դրանից բխող հետևանքներով, Փաշինյանը կդադարի հետաքրքրություն ներկայացնել աշխարհաքաղաքական հիմնական դերակատարների աչքում, որոնց միջև նա այսօր մանևրում է։ Կդադարի մեծ արժեք ներկայացնել նաև Բաքվի համար։

Մինչդեռ, ի տարբերություն հայ-ադրբեջանական «կարգավորման» գործընթացի, որը մոտենում է վերջնագծին, հայ-թուրքականը դեռևս նոր է մեկնարում։ Այստեղ առայժմ վերջնաժամկետներ չկան, և Անկարային Փաշինյանը դեռևս երկար պետք կգա Հայաստանի վարչապետի աթոռին։ Դեռ շատ բան է Թուրքիան տենչում ստանալ Հայաստանից։ Փաստորեն, Անկարան աստիճանաբար դառնում է առավել հուսալի մայրաքաղաքը, որի վրա հենվելով՝ Փաշինյանը կարող է պահպանել իր իշխանությունը Հայաստանում։ Մյուս կողմից, Թուրքիան ինքն էլ դառնում է հիմնական աշխարհաքաղաքական խաղացող, ակներևաբար դուրս գալով տարածաշրջանայինի շրջանակներից։

Հաշվի առնելով այդ հանգամանքը, բոլորովին չի զարմացնում ո՛չ այն, որ Փաշինյանն ընդունեց Էրդողանի երդմնակալության հրավերը, ո՛չ նրա դեմքի ուրախ արտահայտությունը թուրք նախագահի հետ հանդիպման ժամանակ, ո՛չ էլ այն, որ մոռացել է Թուրքիայի կողմից 44-օրյա պատերազմի հրահրման, դրան անմիջական մասնակցության մասին, ինչը հազարավոր հայերի կյանք խլեց։ Թուրքիա կատարած ուղևորությունը Փաշինյանի համար լուրջ, կենսականորեն անհրաժեշտ քայլ էր դեպի իր «ապագան»։