Գեղարքունիքի մարզպետ․ Ինքնապաշտպանության միջոցներ ենք ստեղծելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գեղարքունիքի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի արձակած կրակի ինտենսիվությունը նվազել է, սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրում են բնականոն կյանքով, իրականացնում գյուղատնտեսական աշխատանքներ։ Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

 

«Հասկանալի է, որ սահմանից այն կողմ ունենք հարևան՝ ոչ բարեկամ, որն այդ դիրքերում է, և մարդիկ էլ ըստ դրա են իրենց կյանքը պլանավորում։ Վերջին շրջանում բնակավայրի ուղիղ թիրախավորում չի արձանագրվել։ Ունենք դպրոց, որը դիտարկում են ադրբեջանցիները։ Վստահ եմ, որ մի օր իրենք հետ են գնալու՝ իրենց ամրաշինական աշխատանքներից անկախ։ Ես չեմ կարող ասել երբ, բայց մի օր Հայաստանն իր սահմաններով լինելու է անառիկ»,- նշեց Սարգսյանը։

Մարզպետի խոսքով՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով սահմանամերձ համայնքներին հասցված վնասները գրեթե ամբողջությամբ վերականգնվել են։ Կան չորս փլուզված տներ, որոնք հիմա վերականգման ենթակա չեն, տարվում են աշխատանքներ վնասի չափը գնահատելու համար։ Բնակիչներին, որոնց անասուններն անցել են հակառակորդի կողմը և չեն վերադարձվել, փոխհատուցում է տրվել։

«Մենք արտագաղթի վերաբերյալ մոնիթորինգ չենք անցկացրել, բայց քիչ է հավանական, որ մարդիկ անվտանգային խնդիրների պատճառով դուրս են գնացել։ Ընտանքիների հիմնական հատվածը, որոնք դուրս էին եկել սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով, վերադարձել են»,- ընդգծեց մարզպետը։

Կարեն Սարգսյանի խոսքով՝ Սոթքի հանքավայրի բաց հատվածի աշխատանքները պետք է դադարեցվեին առաջիկա ամիսների ընթացքում, սակայն ադրբեջանական հետևանքով որոշվել է հիմա դադարեցնել աշխատանքները։

«Սոթքի հանքավայրը մասնակի գործում է, փակ հատվածն աշխատում է»,- նշեց Սարգսյանը։

Մարզպետն ասաց, որ Գեղարքունիքում առաջիկայում կլինի ծրագիր, որով բնակիչները կկարողանան ինքնապաշտպանական դասեր անցնել, իսկ նախորդ ժամանակներում ևս բնակիչները կարողացել են զենք ստանալ։

Hayeli.am