Պոլսի Հայոց պատրիարքն Էջմիածնում գլխավորել է եկեղեցականների հանդիսավոր թափորը

Հայ Առաքելական Եկեղեցին տոնել է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Տոնի առիթով առավոտյան Մայր Աթոռից եկեղեցականների հանդիսավոր թափորն առաջնորդվել է Սուրբ Գայանե վանք: Թափորը գլխավորել է Կ. Պոլսի Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը՝ օրհնելով ժողովրդին:

Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի փոխառաջնորդ հոգեշնորհ Տ Սիմեոն աբեղա Օդաբաշյանը։

Նշենք, որ Պատրիարք սրբազան հայրը Էջմիածին է ժամանել հունիսի 6-ին։ Նա մասնակցելու է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին։

Նշենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Գայանեի և Հռիփսիմեի հիշատակության օրերը նշում է Հոգեգալստից մեկ շաբաթ անց ՝ երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Այս օրերին Հայոց եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:

Sputnik Արմենիա