Սահմանազատման հանձնաժողովը անկլավների հարց չի քննարկել. փոխվարչապետի գրասենյակ

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովը անկլավների հարց չի քննարկել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան` հայտնեցին հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ անկլավների հարցով պետք է զբաղվի սահմանազատման հարցերի հանձնաժողովը։

«Ոչ, հարցը չի քննարկվել», - հայտնել են գրասենյակից:

Նշենք, որ մայիսի կեսերին փոխվարչապետի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնել էին, որ փոխհամաձայնեցման փուլում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման ու անցկացման աշխատակարգի նախագիծը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառ.կմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է ինչպես Լեռնային Ղարաբաղը, այնպես էլ Խորհրդային Ադրբեջանի անկլավները:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ հայտարարել էր, որ անկլավների ծագման իրավական հիմքերը դեռ ուսումնասիրության կարիք ունեն։ Նա կարծիք էր հայտնել, որ սա այն հարցն է, որով պետք է զբաղվի հենց սահմանազատման հանձնաժողովը, և այդտեղ քննարկվեն տարբեր լուծումներ։